
Ինչպես կազմակերպել հանրային արշավները․ ուկրաինացի մասնագետի խորհուրդները
Խոսելով տարբեր արշավների, դրանց ճիշտ կազմակերպման ու իրականացման մասին՝ պարոն Կուլակովը ներկայացրեց խորհուրդներ, թե ինչպես կարելի է արշավները հաջողությամբ իրականացնել:
Ըստ փորձագետի՝ շահերի պաշտպանության արշավի ընթացքում առաջնային և ամենակարևոր հարցը խնդրի ճիշտ ձևակերպումն է:
«Իրավիճակի դիտարկումը, խնդրի և դրա առաջացման պատճառների հստակեցումն առաջին հայացքից կարող է շատ ակնհայտ թվալ, սակայն ավելի կարևոր է վերլուծել առկա փաստերը, իրավիճակը, լուծումներ գտնել, ապա ձևակերպել առանձնահատուկ խնդրահարույց իրավիճակները:
Հաջորդ կարևոր քայլը պետք է լինի խնդրի ձևափոխումը ընթացակարգային խնդրի: Պետք է հասկանալ, թե ով է այն պատասխանատու անձը կամ կազմակերպությունը, որ պարտավոր է բոլոր հնարավոր մակարդակներում` օրենսդրական կամ այլ, համապատասխան լուծումներ գտնել առկա խնդիրներին:
Մեկ այլ կարևոր խնդիր է թիրախային խմբի որոշակիացումը: Ավելի լայն լսարանին հասնելու համար պետք է մշակել արշավն ըստ թիրախային խմբի կարիքների և արժեքների: Շահերի պաշտպանության արշավի ընթացքում խմբին ուղղված հիմնական ուղերձը պետք է լինի պարզ, իսկ առաջարկվող լուծումներում պետք է հաշվի առնել դրանց համապատասխանությունը շահառուների կարիքներին, որոնք իրենց հերթին պետք է լինեն օրինական և նպատակահարմար»:
Տեղեկատվական արշավում պարոն Կուլակովը կրկին ընդգծում է հետևյալ ասպեկտների կարևորությունը. «Ամեն ինչ պետք է կառուցված լինի լսարանի շուրջ: Մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է թիրախային խումբը և դրանից հետո միայն աշխատենք բովանդակության վրա»:
Համաձայն պարոն Կուլակովի` խոսնակների ընտրությունն անմիջականորեն կախված է թիրախային խմբի կարիքներից և հետարքրքություններից:
«Հաջող տեղեկատվական արշավի իրականացման գործում խոսնակների դերը չափազանց կարևոր է: Նրանց աշխատանքը լսարանի կարիքները հայտնաբերելն է և դրանցով առաջնորդվելը: Համոզված լինելու համար, որ Ձեր հաղորդագրությունը կհասնի լսարանին, կարելի է արշավում ընդգրկել հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների և փորձագետների: Միևնույն ժամանակ, ընտրված թիրախային խումբը պետք է բացառիկ լինի: Որքան բացառիկ լինի, այնքան ավելի հեշտ կլինի խմբի հետ աշխատանքը: Այս դեպքում ավելի հեշտ է դառնում խմբի նպատակների վերլուծումը, ապա՝ այն հաղորդման ձևակերպումը, որն անհրաժեշտ է մատուցել նրանց»:
Խոսելով արշավների ընթացքում հնարավոր գործողությունների մասին, որոնք հսկայական միջոցներ չեն պահանջում` պարոն Կուլակովը ներկայացրեց մի քանի օրինակ. Այն է, լրագրողների համար մամլո-շրջայցեր կազմակերպելը: «Տեղեկատվական արշավի ընթացքում շատ կարևոր է համախմբել մի շարք լրագրողների և նրանց տանել առանձնահատուկ մի դաշտ, որը ինչ-որ ձևով առնչվում է նախագծին: Եթե ենթադրենք, որ Դուք մշակութային նախագիծ եք իրականացնում, ապա կարող եք խմբին տանել թանգարաններ կամ պատկերասրահներ և ներկայացնել արվեստին առնչվող նոր դասընթացներ»:
Մամլո հանդիպումները ճաշի սեղանի շուրջ մեկ այլ լավ օրինակ են: Դուք կարող եք որոշակի նախագծի վերաբերյալ ոչ պաշտոնական զրույց կազմակերպել` հրավիրելով արտասահմանյան փորձագետի կամ քաղաքական գործչի և ընտրված մամուլի գլխավոր խմբագրերի: Նման միջոցով Դուք խմբագրերին և նրանց լրատվամիջոցներին տալիս եք բացառիկ հնարավորություն ստանալ այն տեղեկատվությունը, ինչ նրանք ցանկանում ն ստանալ:
Արվեստի և ԶԼՄ-ների համակցմամբ միջոցառումները շատ արդյունավետ են. ցուցադրությունները, ներկայացումները, շքերթները կօգնեն նախագծի վերաբերյալ ավելի լայն լսարանի ուշադրությունը գրավել: Ամենահեշտ տարբերակը նախագծի մեկնարկի առիթով մամլո ասուլիս հրավիրելն է: Այն կարող է ձանձրալի լինել, սակայն եթե ներգրավեք կարևոր խոսնակների և/կամ փորձագետների՝ կարող եք հասնել Ձեր նպատակին և արժանանալ պահանջվող ուշադրությանը:
Զրույցի վերջում պարոն Կուլակովը ընդգծեց դրամահավաքների և այլ մեթոդների՝ ընկերների, անհատների, ընտանիքի անդամների օգնությամբ ծրագրի իրականացման համար պահանջվող միջոցների հավաքագրման կարևորությունը:
«Ինձ համար շատ զարմանալի է տեսնել, որ հետխորհրդային երկրներում դրամահավաքները հաջողություն ունեն, և մարդիկ կամավոր ներգրավվում են տարբեր ծրագրերի իրականացման գործում: Այս տիպի հարթակները օգտագործում են ցանցերը՝ նախագծի ավելի մեծ հասանելիության և ճանաչելիության համար, ինչպես նաև հնարավոր են դարձնում նմանատիպ նախագծերում անհատների ներդրումները»:
Այլ կերպ ասած՝ «Եթե կարողանաք Ձեր խնդիրները ճիշտ ձևակերպել և ներկայացնել դրանց կարևորությունը, վստահ եմ, որ մարդիկ կցանկանան ներդրում ունենալ լուծումներ գտնելու գործում»:
Մանե Գևորգյան
http://www.civilnet.