Սիսիանը` «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի հաղթող

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի «Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնության շրջանակում Սիսիանն ընտրվել է որպես հաղթող:

Ծրագրին մասնակցելու համար դիմել էր 14 մարզային քաղաք և մարզ: «Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնության նպատակն է օգնել մարզային քաղաքներին զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը:

Այս նախաձեռնության շրջանակում Սիսիանում ժամանակակից մեթոդաբանությամբ կանցկացվեն քարտեզագրման վարժանքներ: Արևելյան գործընկերության և ԵՄ երկրների փորձագետների և մասնագետների հետ աշխատանքի արդյունքում կձևավորվի քաղաքի կարողությունների զարգացման փաթեթ: Ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի քաղաքի մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը` առաջարկելով քայլերի հերթականություն մշակութային կյանքի աշխուժացման, զբոսաշրջության զարգացման և այլ համայնքների հետ կապերի ձևավորման համար: Կուսումնասիրվի քաղաքի ստեղծարար և մշակութային քաղաքականությունը և կմշակվի գործողությունների ծրագիր:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը գտնվում է Հայաստանի հարավում` Երևանից 217 կմ հեռավորության վրա, և ունի 15 հազար բնակիչ: Քաղաքի մերձակայքում են գտնվում ազգային հարստություն ներկայացնող Ուխտասարի ժայռապատկերները և Զորաց քարերը: Քաղաքում գործում է արվեստի դպրոց, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը և Սիսիանի պատմության թանգարանը:

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային և ստեղծարար արդյունաբերությանը և մեծացնել դրանց ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք www.culturepartnership.eu կայքէջը կամ գրեք info@culturepartnership.eu հասցեին։

Other interesting stories: