Արթուր Ղուկասյան. «Մարդը, եթե նույնիսկ նա հանճար է, մենակ չի կարող ոչինչ անել»

Դերասան և պրոդյուսերը «High Fest» (Հայաստան) բազմաժանր փառատոնի աշխատանքի մասին:

Մեր նախագծի շնորհիվ Թուրքիայում բազմիցս հնչեց ցեղասպանություն բառը

Ամենահաջողված ծրագիրն, իհարկե, «Հայֆեստ»-ն է, այն անցկացնում ենք 2003 թվականից։ «Հայ Ֆեստ» փառատոնը բազմաժանրային, կատարողական արվեստի փառատոն է: Նպատակն է ներկայացնել ժամանակակից կատարողական արվեստի նորարարական գործերը եւ արտասահմանյան արվեստի բացառիկ բեմադրությունները: Այստեղ ներկայցվում են բազմաժանր ներկայացումներ, տարբեր երկրներից: Բայց չեմ կարող հաջողվածների շարքում չնշել նաեւ առաջին փառատոնը, որն անցկացրեցինք՝ «Նազենիկ»-ը: Այն «Հայֆեստի» նման մեծ հաջողություն չուներ, որովհետեւ առաջին փորձն էր, բայց մնջախաղի եւ ժամանակակից պարի այդ փառատոնը առաջին միջազգային նմանատիպ միջոցառումն էր Հայաստանում: Հաջողված նախագիծ էր նաեւ «Հայսթրիթ»-ը, այն արդեն անցկացվել է Ռուսաստանում, Գերմանիայում եւ Նիդերլանդներում: Հաջորդը «Խոսելով միմյանց հետ» ծրագիրն է, այն անցկացնում ենք Թուրքիայի հետ համատեղ։ Ծրագրի շրջանակներում ցուցահանդեսներ են կազմակերպվում, որտեղ ներառվում են հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հիշողություններ: Այն անցկացրել ենք Հայաստանի եւ Թուրքիայի 4 քաղաքներում: Շատ կարեւոր էր, քանի որ Թուրքիայում բազմիցս հնչեց ցեղասպանություն բառը:

Հաջողված ծրագիր ունենալու համար՝ առաջինը պետք է ունենալ ճիշտ գաղափար, այն պետք է լինի բացառիկ, երկրորդը՝ պետք է լինի որակով, այն պետք է կյանքի կոչեն արհեստավարժ մարդիկ, կարեւոր է նաեւ թիմը, քանի որ մեկ մարդ, եթե անգամ նա հանճար է, միայնակ ոչինչ չի կարող անել: Նախագիծը պետք է լինի պարզ եւ կոնկրետ, գնահատելի, հասանելի, ռեալ եւ ժամանակի մեջ: Յուրաքանչյուր նախագիծ պետք է նպաստի երկրի սոցիալ-մշակութային ոլորտի զարգացմանը։

«Հայֆեստ» - ը Հայաստանում մրցակից չունի

Մարդկանց գրավել ու հետաքրքրել հաջողվում է այն ամենի շնորհիվ, ինչը նշեցի նախորդ պատասխանում ու գումարած, որ ես այսքան լավն եմ՝ charismatic guy (ժպտում է): Շատ կարեւոր է՝ ով է ներկայացնում, ինչպես է խոսում: Երբեմն, ինձ ասում են՝ ինչո՞ւ ես այս մարդուն հրավիրում, այն մարդուն հրավիրում, մեղմ ասած, ասում են՝ Արթուր, հալովդ մնա, ինչո՞ւ ես ուզում բերես լավագույն ռեժիսորներին։ Պատասխանում եմ՝ ուզո՛ւմ եմ, որովհետեւ դա է փրկում, որովհետեւ այդպես մենք կունենանք բարձր նշաձող եւ աշխարհում կիմանան, թե ինչեր են արվում Հայաստանում: Հենց դրա համար էլ «Հայֆեստ»- ը հաջողվեց, ինքը չունի մրցակից Հայաստանում:

---

Դերասան, պրոդյուսեր. 1988-92թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում: 1989թ. սովորել է Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001թ.` Զալցբուրգի Մենեջմենտի և մեդիայի ակադեմիայում: 1989-93թթ եղել է Ռ. Թումանյանի անվան թատրոն-ստուդիայի առաջատար դերասան, 1993-99թթ` Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանական ստուդիայի ղեկավարը: 1996-99թթ եղել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի գործադիր տնօրենը: 1998թ. Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքի դրամատիկական թատրոնում, որպես պրոդյուսեր, բեմադրել է «Անհեթեթություն» և «Գոբլինների արքայադուստը» ներկայացումները: 1998-2002թթ աշխատել է հեռուստաալիքներում, որտեղ վարել է բազմաթիվ հեռուստատեսային շոուներ: 2000թ-ից Հայ դերասանների միության նախագահն է, 2001թ-ից` «Նազենիկ» միջազգային մնջախաղի փառատոնի գլխավոր տնօրենը, 2002թ-ից` «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահը, 2003թ-ից` «ITI» Հայաստանի ազգային կենտրոնի գլխավոր քարտուղարը, «ASSITEJ»-ի Հայաստանի ազգային կենտրոնի նախագահը, «IETM» անդամ, 2006թ-ից` «IFEA» անդամ: 2001թ-ից Հայաստանում կազմակերպել է արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության բազմաթիվ սեմինարներ: 2001թ-ից վարել է սեմինարներ և դասախոսություններ բազմաթիվ քաղաքներում` Երևան, Լոնդոն, Մոսկվա, Սանկտ Պատարբուրգ, Հռոմ, Էդինբուրգ, Ամստերդամ, Աթենք, Ստոկհոլմ, Հելսինկի և այլն: 2002թ-ից դասավանդում է արվեստի կառավարում և մշակութային քաղաքականություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2005թ-ից հանդիսանում է հրավիրված պրոֆեսոր` Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանում: 2004թ-ից Երևանի թատրոնի և կինոի պետական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի վարիչն է, 2011թ-ից` արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչը: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

 

Other interesting stories: