«Մեկ տոկոս ներշնչանք և իննսունինը տոկոս քրտնաջան աշխատանք»
1. Արվեստը և մշակույթը պետք է լիարժեքորեն ներկայացվեն ԶԼՄ-ներում
Արվեստի և մշակույթի ոլորտներում առավել արդիական խնդիրների ու իրադարձությունների՝ զանգվածային լրատվամիջոցներում պատշաճ ներկայացման դեպքում է միայն կարելի ակնկալել, որ երկրում և հասարակության մեջ իրավիճակը կբարելավվի։
2. Մշակույթի ոլորտի օրախնդրային հարցերը պետք է ԶԼՄ-ների և նրանց ղեկավարների ուշադրության կենտրոնում լինեն
Եթե զանգվածային լրատվամիջոցները ի վիճակի չեն արտացոլել և բարձրացնել արվեստի ու մշակույթի ոլորտների հրատապ հարցեր, ապա նրանք, ըստ էության, չեն կատարում իրենց հիմնական առաքելությունը, որը կարելի է կարճ բնութագրել որպես հասարակության համակողմանի զարգացմանը հանգեցնող գաղափարների մշակում:
3. Տնտեսության ստեղծարար ոլորտը իրական տնտեսության կարևոր բաղադրիչն է
Տնտեսության՝ այսպես կոչված ստեղծարար ոլորտում իրականացված հետազոտությունները, որ մեկնարկել են Մեծ Բրիտանիայում 1989 թ. և շարունակվել հետագա տարիներին, ապացուցել են, որ ստեղծարար ոլորտը տարիների ընթացքում դարձել է ժամանակակից տնտեսության կարևորագույն մասը՝ ստեղծելով մարդկային գործունեության ոլորտում նոր ուղղություններ և աշխատատեղեր։
4. Ստեղծարար կրթությունը ստեղծարար ոլորտի կայացման երաշխիքն է
Առանց դպրոցներում և համալսարաններում ստեղծարար կրթությանն առնչվող ծրագրերի մշակման ու իրականացման՝ ստեղծարար ոլորտի կայացումն անհնար է: Անհրաժեշտ են նոր գաղափարներ և ստեղծագործ մտածելու ունակություն՝ հասարակության ու տնտեսության պատշաճ զարգացման համար։
5. Տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ների աշխատանքի ընդամենը մի մասն է․ դրա հետ մեկտեղ նրանք պետք է վերլուծեն երկրի մշակութային կյանքին առնչվող իրադարձությունները և մշակեն առաջարկություններ ու քննադատական դիտողություններ՝ վիճակը բարելավելու համար
Որպես կանոն, զանգվածային լրատվամիջոցները տալիս են երկրի մշակութային կյանքի իրադարձությունների պարզ նկարագրություն՝ առանց ուժեղ և թույլ կողմերի քննադատական իմաստավորման: Սակայն մասնագիտական քննադատությունը և վերլուծությունը միայն կարող են ներկայացվող նյութերը օգտակար դարձնել և նպաստել հասարակության, հատկապես երիտասարդության, ճաշակի զարգացմանը:
6. ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն արվեստի և մշակույթի խնդիրներին
Լրագրողները պետք է ձգտեն մշակույթի և արվեստի ոլորտների նոր թեմաներ ու երևույթներ լուսաբանել։ Ոչ ստանդարտ մոտեցումը և նյութերի օրիգինալ ներկայացումը խրախուսվում են ինչպես հասարակության, այնպես էլ ԶԼՄ-ների ղեկավարության կողմից:
7. ԶԼՄ-ները պետք է կշռադատված կերպով լուսաբանեն մշակույթի և արվեստի ոլորտների բոլոր հնարավոր ուղղությունները
Արվեստի բնագավառի տարբեր ուղղությունների և ժանրերի լուսաբանումը չի նշանակում դրանց անվերապահ ընդունում: Տարբեր ճաշակների և մեկնաբանությունների նկատմամբ հանդուրժողականությունը չի նշանակում ամենաթողության ու անկարգության քարոզում։ Հասարակության մեջ պետք է բավականաչափ տեղ լինի բոլոր տեսակի ճաշակների և ոչ ստանդարտ երևույթների համար։ Լավ լրագրողը նա է, ով առաջինը կարող է տարբերակել բացառիկ արվեստագետին և արտասովոր տաղանդը։
8. Ի՞նչն է ավելի կարևոր՝ ստեղծարարությու՞նը, թե՞ ամենօրյա ծանր աշխատանքը
Երբ աշխատանքային օրվա վերջում մարդն ասում է․ «Շատ լավ աշխատեցի ու մի գեղեցիկ բան ստեղծեցի», իսկ հաջորդ առավոտյան աղբամանը չի նետում երեկվա աշխատանքի արգասիքը, նշանակում է՝ նա ստեղծարարության լուրջ խնդիր ունի։ Մարդը պետք է շատ աշխատի և չապավինի միայն իր տաղանդի ու ստեղծարարության վրա։ Ինչպես արտահայտվեց սըր Ջոն Թյուսան երևանյան սեմինարին, «Մեկ տոկոս ներշնչանք և իննսունինը տոկոս քրտնաջան աշխատանք» սկզբունքն է հանդիսանում ցանկացած ոլորտում (այդ թվում նաև լրագրության) իսկական հաջողության երաշխիքը։
9. Լրագրությունը հանդիսանու՞մ է ստեղծարար ոլորտի բաղադրիչ
Ավելի շատ ոչ, քան այո։ Սակայն զանգվածային լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքը կարող է խիստ դրական ազդեցություն ունենալ ստեղծարար ոլորտի զարգացման վրա։ Ստեղծարար ոլորտի առանձին երևույթների, ձեռքբերումների և հաջողությունների ճիշտ լուսաբանումը կարող է զգալիորեն բարձրացնել ստեղծարար ոլորտի վարկանիշը, ինչպես նաև հանրային ու տնտեսական կյանքում դրա առանձին դրսևորումների նշանակությունը։
10. Հասարակ մարդկանց գիտակցությունը և ճաշակն ավելի բարձր են, քան քաղաքական գործիչներինը
Դժբախտաբար, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների ճաշակներն ու զարգացման մակարդակը ոչ միշտ են համապատասխանում միջին վիճակագրական քաղաքացիների մակարդակին։ Հասարակ մարդկանց ճաշակն ավելի լավ է, իսկ գիտելիքները՝ ավելի շատ։ Հենց սա է խնդիր հանդիսանում, որ շատ երկրներում կառավարությունները մշակույթի և արվեստի ոլորտներում ընդունում են սխալ որոշումներ։
* Հանդիպումը տեղի է ունեցել 2016 թ․ հունվարի 23-ին Աշտարակում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Մշակույթի և ստեղծարարության ծրագրի շրջանակներում։