Վերադարձնել թատրոնին իր հանդիսատեսին․ Այս կամ այն կերպ
Լորա, ինչո՞վ ձեզ հետաքրքրեց այս փառատոնը։
Արդեն երկու տարի է ինչ աշխատում եմ համայնքների, ինքնության և միջավայրերի թեմային նվիրված նախագծի վրա։ Եղել եմ շատ երկրներում։ Նախագիծը արմատներիս հետ կապ հաստատելու ճանապարհի մասին է։ Ես ամերիկայի հնդկացիների Լամբի ցեղից եմ սերում՝ մի համայնքի, որի ինքնությունը մինչ օրս մերժվում է ԱՄՆ-ում։
Արցախ Ֆեստի համար «Սովորել թռչել» անվանումով ինստալյացիան եմ արել։
Այն իր վերջնական ձևը ստացավ հենց փառատոնի ընթացքում։ Ես մարդկանց խնդրեցի թղթի մի կտորի վրա նամակ գրել իրենց նախնիներին՝ ընտանիքի անդամին, կամ այս հողի նախնիին, կամ մասնագիտության հետ կապված հեղինակավոր մեկին, էական չէր։ Այսինքն մարդկանց, որոնք մեզնից առաջ են եղել։ Հետո մենք դրանցից ինքնաթիռներ պատրաստեցինք և թռցրինք։ Ես ուզում էի, որ մարդիկ ֆիզիկապես զգան՝ այդ նամակը, այդ խոսքերը բաց թողնելու պահը։ Իսկ վերջում դրանք իմ ինստալյացիայի մեջ տեղադրեցի։
Երբ եկա այստեղ, ոչինչ չկար։ Ակնհայտ էր, որ շենքը վաղուց լքված է, քայքայվում է, ամենուր աղբ էր ու լռություն։ Այս օրերին տեղի ունեցած թատրոնի կերպարանափոխությունը կախարդանքի է նման։ Տեսնել այն կյանքով լի, մարդկանցով լի, ձայներով լի․․․
Մարդիկ իրենց շրջապատը վերաստեղծելու այնքան հնարավորություններ ունեն, եթե կա կամքը և ուժը։
Կպատմեք խնդրում եմ, ի՞նչպես եք արվեստի դաշտ եկել։
Ես ուսյալ արվետսագետ չեմ։ Կրթություն ստանալով հաղորդակցության ոլորտում սկսեցի աշխատել համայնքների հետ և ինքնաբերաբար իմ աշխատանքը սկսեց արտիստիկ արտահայտումներ ստանալ։ Ես երբեք չեմ կենտրոնացել գեղեցկության կամ արդյուքնի վրա։ Ինձ մշտաեպս ընթացքն է հետաքրքրել։ Հատուկ կրթություն չունեի, փորձ չունեի, գումար չունեի, բայց որոշակի պահին որոշեցի ցուցասրահ և արվեստի կացարան բացել։
Այժմ արվեստական մի տարածք եմ ղեկավարում Բրուքլինի Ռեդ Հուք թաղամասում DE-CONSTRUKT։ Կարծում եմ, տարօրինակ քայլ էր։ Գումարն ինձ համար առաջնային չէր, պարզապես ուզում էի, որ արվեստագետները մի վայր ունենան, որտեղ նրանց իրոք լավ կվերաբերվեն, կզորակցեն նրանց գաղափարներին։
Ի՞նչ ազդեցություն ունեցավ ցուցասրահի և կացարանի գոյությունը համայնքի կյանքի վրա։
Տարածքը Բրուքլինի այն հատվածում է, որտեղ սոցիալական բնակարաններն են շատ, այսինքն, այնտեղ հիմնականում անապահով խավն է բնակվում, մեծամասնությունը սևամորթներն են։ Ինձ շատերն ասում էին, որ լավ տեղ չեմ ընտրել ցուցասրահի համար, ապահով չէ, ո՞ւմ է այն պետք և այլն։ Իսկ ինձ համար հենց դա էր կարևորը։
Առաջին օրերին շրջակայքի բնակիչները գալիս էին, կանգնում մուտքի մոտ, հարցուփորձ անում։ Հարցնում էին, թե որքան արժի մուտքի տոմսը և շատ զարմանում էին, երբ իմանում էին, որ անվճար է, որ նրանք կարող են մշտապես գալ և շփվել արվեստի հետ։ Տարածքի գոյությունն ինքնին ակնարկում էր, որ մշակույթը մի բան է, ինչի կարիքը նրանք կարող են զգալ, և կարող են նաև հեշտությամբ հագեցնել այդ պահանջը։ Ինձ դուր է գալիս, որ կարող եմ փոփոխություն բերել, ազդեցություն ունենալ համայնքի կյանքի վրա։
Ի՞նչ կասեք Արցախ ֆեստի նախաձեռնության մասին։
Կարծում եմ, այս փառատոնը մարդկանց ուշադրությունը գրավելու լավագույն ձևերից է։ Թատրոնի շենքը, կարծես, բոլորին ծանոթ է, բայց շատ քչերն են պատկերացնում, թե ինչպիսին այն կարող է լինել և ինչ ազդեցություն կարող է ունենալ համայնքի կյանքի վրա։ Այս շենք վերադառնալով, ազատ մուտքի իրավունք ստանալով, ստեփանակերտցիները կարծեց վերադարձնեն այն, ինչ իրենց է պատկանում, սեփական պատմությունը։ Սեփական հուշերն ու ներաշխարհը վերադարձնելու պես մի բան է։ Կարծում եմ, Արցախի դեպքում սա շատ կարևոր էր։
Այս օրերի ընթացքում այնքան պատմություններ լսեցի մարդկանցից, էմոցիոնալ պատմություններ, հուշեր փորձառության, տպավորությունների մասին։ Զարմանալի էր։ Տեսա նաև շատ երիտասարդների, որոնք նախկինում չեն ունեցել այս վայրի հետ շփման փորձ։
Ես հատկապես խորն եմ զգում այս ամենը սեփական ծագման շնորհիվ։ Իմ ժողովրդի ինքնությունը ժխտվում է, և գիտեմ, թե որքան կարոևր է մեզ համար վերադրաձնել մեզ պատկանող հողը, հնարավորություն ունենալ կիսել մեր մշակույթը մեր սերունդների հետ։
Իհարկե, ժամանակ է հարկավոր։ Տեղացիներից շատերը շփոթված էին փառատոնի ընթացքում տեսածից։ Տեսնում էի, որ կան մարդիկ, որոնց չի հետարքրում այստեղ կատարվողը, կամ նրանք չեն հասկանում։ Այսինքն, պետք է շարունակաբար գործել, որպեսզի կուտակվող փորձի հետ միասին մարդիկ սկսեն հասկանալ արվեստի լեզուն, արվեստի հետ շփման մեթոդները։