Իրավիճակ, երբ այն ամենն ինչ հարկավոր է՝բաց հայտագրումն է

Հայաստանում առաջին կազմակերպությունը, որ ցուցահանդեսային պրակտիկայում ներմուծել է բաց հայտի գաղափարը՝ Նորորար փորձառական արվեստի կենտրոնն է: Բաց հայտի` որպես գաղափարային պրակտիկայի, և ժամանակակից արվեստի դրության մասին Հայաստանում զրուցել ենք ռեժիսոր‎‎‎‎‎‎‎‎, կենտրոնի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարէի հետ։

Կպատմեք խնդրում եմ, ի՞նչպես էր սկսվում ՆՓԱԿ-ի գործունեությունը և ինչպե՞ս ստացվեց, որ առաջին իսկ ցուցահանդեսը որոշվեց բաց հայտի հիման վրա իրականացնել։

Խորհրդային միությունում բաց հայտի փորձը բացակայել է։ ՆՓԱԿ այդ փորձը բերեցին մեր հիմնադիրները (Սոնիա և Էդուարդ Պալասանյաններ, Մ․Հ․)՝ լինելով ժամանակակից արվեստի կառավարման ամերիկյան մշակույթի կրողներ։ Վերջիվերջո այդ ձևաչափը նաև ՆՓԱԿ-ի ստեղծման նպատակներից էր բխում՝ գտնել և միավորել հայ արվեստագետների, որոնք զբաղվում են ժամանակակից արվեստով, ապահովել տարածք, որտեղ այդ նոր անունները պիտի փորձ ձեռք բերեն, այդ փորձի փոխանակման միջոցով հաստատվեն, հաստատեն իրենց մտածողությունը և առաջ շարժվեն։ Այսինքն, մեր ներքին առաջնահերթությունների համատեքստում այլ տարբերակ պարզապես չի եղել։ Հատկապես առաջին տարիներին, 90-ականների սկզբում, հիմնադինեի համար խնդիրը ճանաչելն էր, թե ով կա Հայաստանում, որքան ներուժ կա ժամանակակից արվեստի դաշտում, ինչպիսին է այն և այլն։  Իհարկե, մինչ այդ, ժամանակակից ավանգարդ արվեստը Հայաստանում ներկա էր, կար Ժամանակակից արվեստի թանգարանը, բայց միևնույն է, կային արվետսագետներ, որոնք չէին տեղավորվում ընդունված պարադիգմում։ 1996թ.-ին ստեղծվեց ՆՓԱԿ-ի Ալտերնատիվ արվեստի ամենամյա փառատոնը, որի նպատակը նոր անունների հայտնաբերումն էր, և հենց առաջին ցուցահանդեսներից սկսած սկզբնավորվեց Բաց հայտագրման սկզբունքներով արվեստի միջոցառումների կազմակերպման ավանդույթը:

Բաց հայտի հայտարարման գլխավոր պայմանը դրա բաց լինելու ապահովումն է, այսինքն, հնարավորինս շատ արվեստագետների իրազեկելու խնդիր կա։ Ինչպե՞ս էիք լուծում այդ հարցը նախկինում և հիմա։

2000-ականներին մենք հաղորդակցության մշակութային մեծ փոփոխությունների ականատեսը դարձանք, համացանցը մեզ շատ է օգնել և օգնում է։ Իսկ մինչ այդ, լուրը տրածվում էր արվեստային ներքին կապուղիներով, մեկը՝ միյուսին ներգրավման միջոցով: Ցավալիորեն, մենք երբեք աջակցություն չստացանք իշխանության կողմից։

Կարելի է ասել, որ մշակութային հեղափոխությունը մեզ մոտ այնուամենայնիվ չկայացավ և արվեստի մեր կրթարանները շարունակեցին գործել խորհրդային մտածելակերպի համաձայն։ Ժամանակակից արվեստը, որ մենք ջանում ենք ներկայացնել, մնում էր անդերգրաունդում, ձախ թևում։ Դա, իհարկե, ավանգարդ արվեստի տեղն է, սակայն մոտեցումը, որ ՆՓԱԿ-ը իմպերիալիստական գաղափարների տարածման կենտրոն է, որ այն ապազգային է, ձախողած արվեստի տեղն է և այլն, բնավ չէին օգնում մեզ։ Սոցռեալիզմից հետո ստեղծվեց ազգայինի կեղծ մի գաղափար, որով փորձում էին բացատրել և վերլուծել արվեստի բովանդակությունը։ Այդ սին պատկերացումները մինչ օրս փորձում են փոխանցել երիտասարդ արվեստագետներին։ Այսինքն, որպես օրինակ, կոմպոզիցիան բացատրվում է ազգային նախշի կամ այլ մի տարրի առկայությամբ ու եթե այն բացակայում է, ուրեմն կասկածելի մի բան է։ Մենք անընդհատ պայքարել ենք արվեստի վերլուծականության, սուվերենության դիրքը հաստատելու համար և աստիճանաբար համբավ ենք ձեռք բերել։ Եթե արվեստագետը գալիս է այստեղ, պիտի կարողանա հաղորդակցվել, պատրաստ լինել ամենասուր քննարկմանն ու քննադատությանը, պատասխան գտնել հարցերին։

Բաց հայտի շնորհիվ մենք հետաքրքիր հնարավորություն ստացանք՝ ուսումնասիրելու, թե ինչպես է մեր երիտասարդը պատկերացում ազատ հաղորդակցությունը, ի՞նչ վախեր ունի։ Հաճախ բուհական կրթություն ունեցող մարդը պարզապես չի կարողանում ազատ ձևով իր կենսագրությունը ներկայացնել, դժվարանում է բաց հայտի դիմումը լրացնել։ Ըստ էության, բաց հայտի ֆորմայի դեմ աշխատել է ամբողջ իշխնական համակարգը՝ ուղիղ կամ անուղղակի ձևով։ Ստեղծվել էր մի հանրություն, որտեղ բոլորը գիտեին, որ առաջընթացի համար միակ գործող միջոցը ծանոթ-բարեկամ համակարգն է։ Այդ պայմաններում, երբ որևէ ինստիտուցիա հայտարարում է, որ ես բաց հայտ եմ տվել, դիմե՜ք, պոտենցիալ դիմորդի համար դա դատարկ խոսքեր են։ Ախր, նա գիտի, որ չի կարող այդպես լինել, որ նա պիտի շրջանցելու տարբերակ գտնի, անհատական կապ, որպեսզի կարողանա մասնակցել։ Այդ կարգի խնդիրներ ենք ունեցել։ Մինչև հիմա մեզ հետ փորձում են տարբեր ծանոթնրի միջոցով կապվել, որպեսզի մենք հաստատենք այս կամ այն նախագիծը կամ ամենապարզ հայտագրումը։ Այս խնդիրը պիտի դպրոցներից սկսյալ շտկվի։ Հայտագրման մշակույթը մեզ մոտ դեռ զարգացման սկզբնական փուլում է։

Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես եք ապահովում բազմազանությունը, հենց այդ բացության գաղափարը, եթե արդեն հայտագրման փուլում նման տեխնիկական պատճառներով հաստատ պիտի որ կոնտինգենտի կորուստ ունենաք։

Ի՞նչ ենք մենք անում․ մենք հրավիրում ենք համադրողի, որը և տնօրինում է բաց հայտը։ Նա է ընտրում, արվեստագետներից ովքեր են, որ կարող են ներգրավվել ցուցահանդեսում, ովքեր են, որ կարող են կուրատորական տեքստին համապատասխանող գործ ներկայացնել։ Եվ մենք երբևէ չենք փորձել ազդել համադրողի ընտրության վրա։ Մեր գործը համադրողի ու արվեստագետի երկխոսության կայացմանն աջակցելն է։

Մենք, վերջիվերջո, ժամանակակից արվեստի ինստիտուցիա ենք։ Արվեստի այս ուղղության, ավանգարդիստական փորձի սպառողը, որևէ հասարակության մեջ միշտ էլ փոքր մասն է եղել։ Նախորդ ռեժիմի պարագայում մենք պարտավոր էինք պաշտպանել ու երաշխավորել այս դաշտի կենսագոյությունն ու հնարավորություններ ապահովել որևէ ակտուալ արվեստագետի ներկայանալու համար։ Մեր պայքարը համակարգված անտեսման դեմ էր։ Մենք, որոշակի իմաստով, պետք է զոհաբերեինք հանրահռչակումը։ Իհարկե, դա բերում էր որոշակի մարգինալացման։ Հիմա, իրավիճակ է փոխվել և մենք սկսել ենք վերանայել մեր ստրատեգիաները։

Արդյոք ժամանակակից արվեստի հանդեպ ուշադրությունը, դրա խթանումը ՆՓԱԿ-ի նման ինստիտուցիաների գոյությունից է կախված։

Ինձ թվում է, ժամանակակից արվեստի հանրահռչակումը միայն ինստիտուցիաների գործառույթը չէ։ Դա պիտի անի իշխանությունը, պետական քաղաքականության վեկտոր պիտի լինի։ Մենք 25-ամյակ ենք նշել, 20-ամյակ, 15-ամյակ, եթե այս ընթացքում երկրի մշակույթի նախարարը չի հայտնվել մեր տարածքում, սա ինչ որ բան է նշանակում, այդպես չէ՞։

Նրանք, ովքեր որոշել են, թե ինչպիսին պիտի լինի երկրի մշակութային դաշտը, միշտ զգուշացել են մեզ մոտ ներկայացվող արվեստի տեսակից։ Քանի որ այն, հաճախ, ոչ միայն ձևով է նոր եղել, այլև քննադատական, սոցիալ-քաղաքական խնդիրներին առնչվող, ազատությունների գիտակցումից ծնվող տեսակ է եղել։ Մարդիկ չեն մտածել, որ արվեստը հանրային կյանքից կտրված մի բան չէ, այն կարող է ընդգծված քաղաքական դրսևորումներ, քննադատական դիրք ունենալ։ Սա չէր ընկալվում։ Ավելի հեշտ էր հարաբերվել ձևով դասական արվեստին, ավելի դյուրին է հասկանալ, գնահատել։

Որևէ հասարակության զարգացումը ես կկապեի այն հանգամանքի հետ, թե ինչ վարքագիծ ունի իշխանությունը ժամանակակից ավեստի բոլոր դրսևորումների նկատմամբ։ Եթե այն խոսում է ժամանակակից արվեստի հետ, ուրեմն իսկապես զգում է ժամանակը, ժամանակի պահանջները։ Իսկ եթե ժխտում է ակտուալ արվեստագետի վերլուծական մոտեցումը, ուրմեն կարձրացած է։ Ժամանակակից արվեստագետն այն ավանդական պատկերացմամբ մեկը չի, որ իր արվեստանոցում յուղաներկով պատկերներ է ստեղծում։ Դա այն մարդն է, որ ամենատարբեր մեթոդներով գաղափարներ է գեներացնում, ստանում, փոխանցում, վերլուծում, և չհաղորդակցվել այդ գաղափարների հետ՝ իշխանության փակուղին է։ Եվ քանի որ մեր հանրությանը հետևողականորեն հեռու են պահել վերլուծական դաշտից, հասարակության լայն շերտերին մեղադրելու բան չկա։ Հիմա, իհարկե, պիտի փորձենք այս լեզուն հանրահռչակել, ավելի լայն շերտերի ներգրավել արդի արվեստի հետ հաղորդակցությանը։

Ինչ դեր ունեք համադրողի և արվեստագետի հաղորդակցման ընթացքում։

Մեր անելիքը համադրողի հետ ավարտվում է տեքստի հաստատումով։ Թե ինչպես է համադրողը հարաբերվում արվեստագետի հետ՝ մեր դիրքը միայն խորհրդատվական կարող է լինել։ Այստեղ երկու ստեծգարծողների բախումներ կարող են լինել՝ գաղափարային, պրակտիկ, տեղի, ձևի մանրամասնությունների վերաբերյալ և այլն։ Մենք միայն կարող ենք խորհուրդ տալ։ Մենք, որպես ինստիտուցիա, երբևէ չենք կարող իշխանական ռեսուրս օգտագործել ու միջամտել այդ խմորումներին:

Իսկ ինչպե՞ս է համադրողը համակարգում հարաբերությունները բացակա արտիստի հետ։

Դա էլ է շատ ինդիվիդուալ։ Եթե համադրողն ընդունել է գործը, որը պիտի լինի ցուցահանդեսում, նա պիտի ամենայն մանրամասնությամբ իմանա, թե ինչ պահանջներ ունի արվետսագետը իր գործը ներկայացնելու պարագայում՝ թե՜ վայրի, թե՜ լուսավորության, թե՜ շրջապատող գործերի վերաբերյալ։ Այդ պատասխանատվությունն ամբողջավին համադրողինն է։ Եթե նա տարածքը ավելի լավ իմանալու պատճառով այլ կարծիք ունի որևէ տարրի վերաբերյալ, կամ բովանդակության առումով, նա քննարկում է արվեստագետի հետ։ Նրանք պիտի համաձայնության գան, որովհետև վերջ ի վերջո, երկուսն էլ հավասարապես շահագրգռված են գործը առավելագույնս շահեկան ներկայացնել։ Այսինքն, որևէ այլ դրդապատճառներից ելնելն անիմաստ է։ Սակայն վերջին խոսքի իրավունքը միշտ արվեստագետին է պատկանում։ Եթե համադրողը կամ արվեստագետը ծայրահեղ սկզբունքայնություն են դրսեվորում, միայն այդ պարագայում ինստիտուցիան կարող է դեր ունենալ՝ պարտավոր է երաշխավորել արվեստագետի իրավունքը։ Բայց մենք նման դեպքերի չենք հանդիպել։ Հիմնականում խնդիրը տեղի հետ է կապված լինում։ Այդ դեպքում փորձում ենք բանակցել այլ արվեստագետների հետ և փոխզիջման ճանապարհով լուծումը միշտ գտնվել է։

Արվեստագետին ի՞նչն է շահագրգռում բաց հայտով արված ցուցահանդեսին մասնակցել։

Եթե երիտասարդ արվեստագետ է, պարզ է՝ տեսանելիությունը, մուտքը արվեստի դաշտ։ Հիմնականում՝ տեքստը։ Երբ առաջարկվող կոնցեպտում արվեստագետը համընկնում է տեսնում իր մոտեցումների, իրեն հուզող խնդիրների հետ և ցանկանում է ներգրավվել ու ներկայացնել այդ տեքստի իր մեկնաբանությունը։  

Արդյոք կարևո՞ր է, գործը ստեղծվել է տվյալ ցուցահանդեսի համար, թե՞ առաջարկվել է արդեն ներկայացված աշխատանք, որը, ըստ արվետսագետի, համապատասխանում է կոնցեպտին։

Շատ էական չէ, սակայն նախընտրելի է, որ նոր գործեր ծնվեն։ Համադրողը կարող է որևէ կոնկրետ, արդեն իսկ ավարուն գործից ոգեշնչվելով, դրա շուրջ մի ամբողջ ցուցահանդեսի կոնցեպտ կառուցել ու այդպիսով նոր գործերի ստեղծման առիթ ստեղծել։ Ժամանակակից արվեստի գործերը ունիվերսալ են, սովորաբար դրանք մի կոնցեպցիայի մեջ չեն տեղավորվում, կարող են ներկայանալ տարբեր ցուցահանդեսներում։ Մենք խրախուսում ենք, որ արվեստագետը նոր գործեր բերի։ Դրանով մենք հարստանում ենք, ինքը արվեստագետն է շահագրգիռ նոր գործ ստեղծել։ Սակայն, իհարկե, պարտադիր չէ։

Other interesting stories: