ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՋՈՂՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Արամ Փախչանյանը ղեկավարում է «Այբ» նորարարական դպրոցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է։ Ավարտել է Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: Արամ Փախչանյանը կանգնած է ABBYY Software House ծրագրային ապահովում արտադրող ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։
2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը «ABBYY» ընկերությունում «ԱՅԲ» դպրոցը ղեկավարելու համար՝ միաժամանակ մնալով «ABBYY»–ի փոխտնօրենի պաշտոնում: «Այբ» նորարարական դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, բացվել է 2011թ-ին։ Իր տեսակի մեջ այն առանձնանում է ՀՀ մյուս կրթական նմանատիպ հաստատություններից։ «Այբ» ավագ դպրոցի ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից: Հիմնական առարկաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով։ Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը և աշակերտների խոսելու ու գրելու կարողությունների զարգացմանը։
Իմ ամենահաջողված ծրագիրը ընտանիքս է
Իմ կյանքում իրականություն են դարձել մի քանի գլխավոր ծրագրեր։ Մեկը՝ իմ ընտանիքն է, դրանից կարևոր ծրագիր իմ կյանքում չկա։ Երկրորդը՝ ABBYY ընկերության կայացումն է, որը սկսվեց որպես փոքր մոսկովյան ընկերություն, իսկ հիմա մեծ և ծավալուն միջազգային ընկերություն է, և վերջապես՝ «Այբ»-ը, որի հիմնադիրներից մեկը հանդիսացա, ապա դարձա նաև դպրոցի տնօրեն։
Ծրագիրը պետք է թվա անհավանական. հավանական բաներն անելը հեշտ է
Հաջողված ծրագիր ունենալու համար պետք է սրտանց հավատալ, որ կստացվի, և անել այն, ինչին պատրաստ ես նվիրվել։ Սա գաղտնիք չէ, այլ վաղուց հայտնի ճշմարտություն, սակայն դարձյալ և դարձյալ հիշեցնելու կարիք ունի։
Պետք է ներգրավել լավագույն մարդկային որակները։ Միշտ պետք է փորձել գտնել մարդկանց, որոնք, քո իսկ ընկալմամբ, ձեզանից լավն են։
Ծրագիրը պիտի ծառայի մարդկանց, իմաստավորված լինի, լավ բան բերի աշխարհ։ Միայն այդ դեպքում կլինեն հետևորդներ, հաճախորդներ, նվիրյալ աշխատակիցներ և շարունակականություն։
Ծրագիրը պիտի հավակնոտ, պիտի թվա գրեթե անհավանական։ Բոլոր հավանական բաներն անելը հեշտ է, և դրանք արժեք չունեն, չեն ոգևորում։
Այս ամենի հետ մեկտեղ պիտի լավ հաշվարկված լինի ծրագրի ամեն քայլը, որպեսզի ռեսուրսների անիմաստ ծախս չլինի, և ձեր միջանկյալ նպատակները համոզիչ լինեն և հասկանալի։
Կրթության տերը պետք է հասարակությունը լինի
Այն, ինչ անում է «Այբ»-ը, մոտ է ցանկացած ընտանիքի, որը ունի դպրոցական տարիքի զավակներ։ Այս պատճառով մենք հայտնվել ենք հասարակության ուշադրության կենտրոնում։ Կրթության հիմնահարցը մտահոգում է մարդկանց, և մեր նպատակն է ոչ միայն լուծումներ տալ եղած խնդիրներին, այլ նաև վերափոխել հասարակության մոտեցումը կրթությանը, որպեսզի պասիվ մտահոգությունը վերածվի ակտիվ ներգրավման։ Սա է մեր վերջնական նպատակը, քանի որ միայն այն դեպքում կրթական ոլորտը բուռն զարգացում կապրի, երբ հասարակությունը կորդեգրի այս խնդիրը և կրթության տեր կկանգնի։
Այսօրվա սերունդը երջանիկ է, ապրում է, առաջնորդվում է զգացածով
Նոր սերունդը մեծ ուշադրություն է դարձնում իրավիճակներին։ Իրենց համար շատ ավելի կարևոր է իրավիճակի անմիջական ընկալումը։ Տրամաբանությունը երկրորդական է։ Իրենք կարող են երկար քննարկել իրենց վերաբերմունքը այս կամ այն երևույթին, և այդ հուզական զգացողության մեջ գտնեն բազմապիսի երանգներ, որոնք մեզ համար անհասանելի են և շատ հաճախ՝ անհետաքրքիր։ Ես մեծացել եմ տեխնոկրատ սերնդում, կարևորել եմ տրամաբանությունը: Տրամաբանությունն ահռելի կարևորություն ունի, սակայն մի որոշակի պահի այն հասցնում է եզրի ու ...վերջ: Երբ առաջնորդվում ես լոկ տրամաբանությամբ, դժբախտության ու դատարկության զգացում ես ունենում: Իսկ այժմյան սերունդը երջանիկ է, ապրում է, առաջնորդվում է զգացածով: Իրենց խոսակցությունները հիմնականում ոչ թե իրադրությունների մասին են, այլ այդ իրադրությունների նկատմամբ իրենց վերաբերմունքի։ Պատմողական արվեստը իրենց ուժեղ կողմը չէ, իրենց աշխարհայացքը շատ ավելի իմպրեսիոնիստական է՝ անորոշ ուրվագծերով, կտրտված, սակայն՝ հարուստ և գունեղ երանգներով
Պետք է համագործակցել այլ երկրների կրթահամալիրների հետ և ուսումնասիրել կրթական բարեփոխումների ծրագրերը
Ոչ միայն հետաքրքրված ենք, այլ ակտիվ համագործակցում ենք։ Մեր գործընկերներն են Անգլիայի ամենահայտնի կրթական հաստատությունները՝ Քեմբրիջի համալսարանը և UCL-ը։ Նաև, մոտակա ամիսներին մենք սկսում ենք Արարատյան Բակալավրիատի՝ «Այբ»-ի կողմից ստեղծված կրթական հարթակի միջազգային ճանաչման գործընթացը, որը էլ ավելի անմիջական կապերի կարիք կստեղծի մեզ համար։ Դրա հետ մեկտեղ մենք կապեր ունենք այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ռուսաստանը և Ղազախստանը, ուր նաև հետաքրքիր կրթական բարեփոխումների ծրագրեր են իրականացվում։