Թոնի Աթարդը` մշակութային և ստեղծագործ հատվածների մասին

Ի՞նչ է նշանակում կառավարում: Ինչպիսի խնդիրների առջև են կանգնած մշակութային և ստեղծագործ հատվածները, և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռարկել, որպեսզի իրադրությունը բարելավվի: Ինչպիսին պետք է լինեն մշակութային ոլորտը ղեկավարողի գործողությունները` իր դիրքն ու հմտությունները ամրապնդելու համար: Մշակույթի կառավարիչ, դերասան, բեմադրիչ դերասանական վարպետության դասախոս, Չիվնինգ կրթաթոշակի շահառու, և ներկայումս Մալթայի Արվեստի ռազմավարության խորհրդի տնօրեն Թոնի Աթարդը մեզ հետ կիսեց իր մտորումներն այս հարցերի շուրջ:

1. Զրուցեք բնագավառից դուրս գտնվող մարդկանց հետ: Մալթայում մշակույթի նախարարությունը չէր աջակցում արվեստի մեջ ներգրավված մասնագետներին և կազմակերպություններին: Մալթայի արվեստի խորհրդում ինձ աշխատանք չտվեցին իմ` Մալթայի հիմնական լրագրերից մեկում տպագրված անկեղծ հարցազրույցի պատճառով, որտեղ նշել էի, որ կառավարությունը որևէ ներդրում չունեցավ մշակույթի մեջ, քանի որ այդ ներդրումը նրանց որևէ քվե չէր տա: Սակայն մի գեղեցիկ օր Ֆինանսների նախարարությունում ունեցած արդյունավետ զրույցների շնորհիվ` ես հասկացա, որ մեր աշխատանքի մասին անհրաժեշտ է տեղեկացնել նաև արվեստի ոլորտից դուրս գտնվող մարդկանց:

2. Փորձեք կապ գտնել զանազան հատվածների միջև: Ընդլայնեք ծանոթությունների ձեր շրջանակը. չէ որ այս հատվածներում հաջողության հասնելը հաճախ կախված է հենց այդ ծանոթությունների շրջանակից: Խոսքը չի գնում դիզայներների, թատերական գործիչների, ճարտարապետների կամ խաղ ստեղծողների մասին, այլ զանազան հատվածներում ներգրավված մասնագետների մասին, որոնց հետ հաստատած կապերը ձեզ թույլ կտան խոսելու ստեղծագործ տնտեսության աճի մասին:

3. Հանդես եկեք միասնական ձայնով: Միայն ձեր միասնական ձայնի միջոցով դուք կկարողանաք համագործակցել այլ հատվածների հետ, զրուցել գործարար համայնքի, ձեռներեցների, կառավարության, միջազգային համայնքների և գործարարների հետ:

4. Մի անտեսեք տնտեսության և մշակույթի միջև առկա կապը. չէ որ այն ակնհայտ է: Հենց դա է խթանում երկրի և քաղաքի աճն ու զարգացումը: Մի վախեցեք խոսել արվեստից զատ այլ թեմաների մասին, ինչպես նաև քննարկել արվեստն ու մշակույթը զբոսաշրջության, արդյունաբերության, տնտեսության, միջազգային հարաբերությունների ոլորտներում ներգրավված պաշտոնյաների հետ: Հենց դա է մեզ ուժեղ դարձնում: Իսկ ուժեղ ասելով ` ես նկատի ունեմ շրջապատում փոփոխություն կատարելու ձեր ունակությունը:

5. Մի վախեցեք բյուրոկրատական սկզբունքներ կիրառելուց: Եթե ինչ-որ նախագիծ եք կառավարում, համոզված եղեք, որ շրջապատված եք ձեր համախոհներով, որպեսզի բացառեք այն դեպքերը, երբ ինչ-որ գաղափարի մասին խոսելիս կշրջվեք և ձեր կողքին որևէ մեկին չեք տեսնի: Բյուրոկրատիան կապահովի ձեր առաջընթացը տվյալ հատվածում: Երբ մենք մշակեցինք մշակույթի ռազմավարությունը, դա հանգեցրեց խորհրդարանում օրենսդրական փոփոխությունների և նպաստեց նոր օրենքների ընդունմանը: Իմ ունեցած ազդեցության շնորհիվ, ես կարողացա ստեղծել հանրային մշակույթ ֆինանսավորելու առաջին ծրագրերը: Արդյունքում ես սկսեցի թիմեր ձևավորել և զարգացնել մշակութային հատվածի ներուժը, համակարգել հատվածի ներսում գործող լրատվամիջոցները և արդարացնել այս ոլորտում ներգրավված մասնագետների ակնկալիքները:

6. Պաշտպանեք ձեր շահերը: Սա բնորոշ է բոլոր հատվածներին: Մշակույթն այս առումով բացառություն չէ: Այլ անձանց որպես սպառնալիք դիտարկելը ապակայունացնում է հատվածը: Հնարավոր է, որ սկզբում ինչ-որ բանի հասնեք, սակայն երկրորդ կամ երրորդ անգամ դա ավելի դժվար կլինի: Փոփոխությունը ժամանակ է պահանջում:

7. Իրականացրեք մշակութային քաղաքականություն և ռազմավարություն: Հասարակական կամ միջազգային քաղաքականությունն ունի իր ազդեցությունը մշակութային և ստեղծարար հատվածների վրա: Եթե կազմակերպություն եք ղեկավարում, ապա մտածեք, թե ինչպիսին է լինելու ձեր ռազմավարությունը հաջորդ 4, 5, կամ 10 տարվա համար, և արդյոք այն համահունչ է երկրում կամ տարածաշրջանում առկա սկզբունքներին:ն: Դուք կարող եք մշակել ձեր իսկ առաջնահերթությունները, սակայն պիտի կարողանաք հիմնավորել դրանք: Մի սպասեք, որ փոփոխություններն իրենք իրենց տեղի կունենան, պատասխանատու եղեք այն առաքելության համար, որ ունեք և այն համատեքստում, որտեղ գործում եք: Քաղաքականությունը կամ ռազմավարությունները կարող են ձեզ ոչ միան օգնել, այլև` խոչընդոտել:

8. Տոնեք ձեր անձնական և թիմային հաջողությունները: Պատմեք բոլորին, տեղեկացրեք լրատվամիջոցներին կամ այլ արվեստագետներին, ներկայացեք միջազգային հանրությանը:

9. Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ձեր իսկ նվաճումների վերաբերյալ: Մի վախեցեք ընդունելուց, որ ինչ-որ բան լավ չեք արել կամ բավականաչափ ճիգ չեք գործադրել: Դուք պետք է ինքներդ գիտակցեք, թե որքանով է ձեզ հարմար գնալ այս կամ այն քայլին: Տնտեսական շարժ կամ աճ գրանցելու համար` մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե որ խմբերի հետ ենք աշխատում:

10. Ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք: Ստեղծագործականությունը ձեր ամենամեծ արժանիքն է: Եվ նույնիսկ քաղաքականություն մշակելիս` մենք կարող ենք ստեղծագործ մոտեցում և մտածելակերպ կիրառել: Մեր ստեղծագործ մոտեցմամբ մենք կարող ենք փոխել այլ ոլորտների մտածելակերպը և խրախուսել նրանց այլ կերպ մտածել և նոր ծրագրեր մշակել: Շվեդիայում, օրինակ, կան ընկերություններ, որոնք աշխատանք են առաջարկում նկարիչներին ոչ թե պարզապես գեղեցիկ իրեր ստեղծելու նկատառումով, այլ որպեսզի վերջիններս կարողանան ստեղծագործ մոտեցման կիրառմամբ լուծել կառավարային ճգնաժամը:

Ես բնավ չեմ ասում, որ սա դյուրին է: Սակայն յուրաքանչյուր խնդիր կարող է իր լուծումը գտնել կապերի հաստատման և ծանոթությունների շրջանակի ստեղծման միջոցով: Իսկ ինչ է անհրաժեշտ անել կայուն և լայն կապերի շրջանակ ստեղծելու համար: Եթե ռիսկ կա արվեստի մեջ, այն կա նաև վերջինիս կառավարման մեջ: Հաղթելու բանաձև գոյություն չունի: Դուք կարող եք ստեղծել այն, ինչ կաշխատի ձեզ համար և ձեր շրջապատի համար:

Թոնի Աթարդը Մալթայի Արվեստի ռազմավարության խորհրդի տնօրենն է: Նա վերջերս է նշանակվել Մալթայի Մշակույթի և Ֆինանսների նախարարություններում գործող ստեղծագործ ոլորտների ռազնավարական զարգացման աշխատանքային խմբի անդամ: 2008 թվականին Թոնին եղել է Միջմշակութային երկխոսության եվրոպական տարի ծրագրի ազգային համակարգողը: Նա նաև Մալթայի մշակութային քաղաքականության մշակման հեղինակներից մեկն է և աշխատանքի ավարտին կվերադառնա Մալթայում Սուրբ Ջեյմս Ասպետի անվան ստեղծարար կենտրոնի միջազգային նախագծերի ղեկավարի պաշտոնին:

Թոնին նաև դերասան է, բեմադրիչ և դասավանդում է դերասանական վարպետություն: Նրա հետ աշխատանքային հանդիպումը Երևանում տեղի ունեցավ Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ` Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում:

Վերը ներկայացված տեքստը 2016 թվականի մայիսի 13-ին Երևանում կայացած հանդիպման ամփոփումն է :

Other interesting stories: