Սարհատ Պետրոսյան. «Մենք պրոպագանդում ենք կյանքը առողջ ու բարձրորակ միջավայրում»
2010 թվականին երևանյան մի շարք ակտիվ երիտասարդների ու մշակույթի գործիչների հետ միասին հաջողվեց քանդումից փրկել Երևանի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Դրան հաջորդեցին մի շարք այլ քաղաքային միջավայրերին վերաբերվող վիճելի խնդիրների շուրջ մասնագիտական դիրքորոշման ձևակերպման հետ կապված քայլեր՝ Հանրապետության հրապարակի, Երևանի հանրային կանաչ տարածքներում իրականացվող և այլ կառուցապատումների վերաբերյալ։
2011 թվականին մի քանի երիտասարդների կողմից հիմնադրվեց «Ուրբանլաբ Երևանը», որը հանդիսանում է յուրատեսակ ինստիտուտ քաղաքաշինության ժողովրդավարացման գործընթացների համար։ Այն իրենից ներկայացնում է հետազոտահեն նախագծային կազմակերպություն, որը նպատակ ունի մասնակցային որոշումների ընդունման տրամաբանության հիման վրա բարելավել մարդածին միջավայրի որակը` քարոզելով մարդկանց առողջ ու որակյալ միջավայրում ապրելու իրավունքը։ Այն միտված է այդ միջավայրի ձևավորման հիմնական պատասխանատուների՝ ճարտարապետների, քաղաքաշինարարների և այլ հարակից մասնագետների սոցիալական դերակատարության կարևորմանը։
Երեւանի մշակութային ժառանգությունը կարող է բացահայտել յուրաքանչյուրը
Ամենահաջողված ծրագրերից կարող եմ առանձնացնել վերջինը՝ «Երեւանի ալտերնատիվ ժառանգության մեթոդոլոգիան»: Այս պահին ծրագրի քարտեզագրումն է իրականացվում, այն կկոչվի «Այլ Երեւան» (Other Yerevan): Ինձ թվում է այն հաջողված է, քանի որ բազմաթիվ արձագանքներ ենք ստանում:
OtherYerevan.am-ը որպես արդի Երևանի մշակութային ճարտարապետական ժառանգության վիրտուալ թանգարան, օգնում է բացահայտել և քարտեզագրել արժեքավոր պատմական ու մշակութային քաղաքային միջավայրերը, նպատակ ունենալով նպաստել դրանց ու դրանց մաս կազմող կանգուն շենքերի պահպանությանն ու արժևորել քաղաքային արագ վերակառուցման ընթացքում կորցրածը։ Հայաստանն իր հարուստ նախնադարից եկող ժառանգությամբ, կարծես թե բավարար ուշադրության չի արժանանում արդի շրջանին վերաբերող ժառանգությանը, որոնցից շատերը կա՛մ աղավաղվել են, կա՛մ քանդվել։
Ծրագրի ընթացքում հետազոտական խումբը մասնակցային մեթոդներով ճարտարապետների, արվեստագետների, արվեստաբանների և այլ մասնագետների հետ մշակել է Երևանի ժառանգության պահպանության կարևորագույն խնդիրներն ու տարրերը։ Արդեն սկսվել են հեռախոսային հավելվածի մշակման աշխատանքները, որը հնարավորություն կտա բացահայտել քաղաքն անգամ զբոսնելիս, եւ անգամ առաջարկել հավելումներ քաղաքի ժառանգության ցանկում։
Պրոֆեսիոնալիզմի պակաս կա
Հաջողված ծրագիր ունենալու համար նախ պետք է ճիշտ գաղափար մշակել, երկրորդը՝ ճիշտ մենեջմենթ անել: Պետք է նաեւ պահանջարկը ձեւավորվի մինչեւ առաջարկի ստեղծումը եւ դրա տարածումը: Այսօր մշակութային ծրագրերը Հայաստանում փոքր են եւ ոչ պրոֆեսիոնալ, դրանք մնում են ներսում, քանի որ դրանցից շատերը դուրս հանելու ենթակա չեն: Մեր ոլորտը կարիք ունի ավելի պրոֆեսիոնալ դառնալու։ Այդ կարեւոր խնդիրներից մեկն է:
«Ձեռի հետ» մշակույթով զբաղվող կազմակերպությունները խանգարում են իրական մշակութային սեկտորի զարգացմանը
Մշակութային եւ ստեղծագործական ոլորտների զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար Հայաստանում կան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ կարողությունների, թե՛ մտածողության հետ կապված խնդիրները։ Հատկապես վերջին երկուսով, կարծում եմ, հնարավոր է շոշափելի զարգացում ապահովել՝ հաշվի առնելով առկա հնարավորությունները։ Կարողությունների մասով հատկապես կառանձնացնեի այսպես ասած կիսամշակութային կամ «ձեռի հետ» մշակույթով զբաղվող կազմակերպությունները մուտքը մշակույթի դաշտ, որոնք հնարավորություն չեն տալիս իրական մշակութային սեկտորի զարգացմանն ու ինքնաիրացմանը։ Մտածողության առումով ինչպես մի քանի անգամ Euro East Culture-ի հանդիպումներում նշել եմ, կարեւոր է հիմնովին փոխել մշակույթի ոլորտում գործող սուբյեկտների վերաբերմունքը դեպի պետական համակարգ եւ խթանել նրան անկախության մեծացմանն ու ինքնակարգավորման հնարավորությունների ստեղծմանը։
---
Սարհատ Պետրոսյանը «Ուրբանլաբ» ճարտարապետական գրասենյակի հիմնադիր տնօրենն է: Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան, ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004 թվականից դասավանդում է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է հատկապես քաղաքային որակյալ միջավայրերի ու քաղաքների զարգացման քաղաքականությունների մշակումը։ Ավելի քանի մեկ տասնյակ գիտական հոդվածների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև երկու ձեռնարկների համահեղինակ։ 2011 թվականին ընտրվել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ։