Ճկունությունը մշակութային ծրագրերի հաջողության գրավականն է. Թիմ Ուիլյամս

Թիմ Ուիլյամսը լրագրության ասպարեզում միջազգային մեծ փորձ ունի, եղել է «Բի-Բի-Սի» համաշխարհային ծառայության խմբագիր։ ՍիվիլՆեթը ներկա էր Երևանում անցկացված դասընթացին և առանձնացրել է նրա որոշ մտքեր։

Տեսլականի ճկունությունն ու տոկունությունը

Աշխարհում բազմաթիվ լավ գաղափարներ կան, սակայն սա դեռ չի նշանակում, որ դրանք կաշխատեն: Եթե դուք ունեք լավ գաղափար, անպայման պետք է փորձարկեք այն: Ամբարտավանություն է մտածել, որ ձեր մտքերն աշխարհի ամենալավ գաղափարներն են, և մնացած բոլորը սխալ են: Լսե՛ք, թե ինչ են ասում մարդիկ: Լսե՛ք, կլանե՛ք և վերամշակե՛ք։

Փորձարկեք ձեր գաղափարը ձեր ընկերների, նախկին գործընկերների և հատկապես ընտանիքի անդամների հետ: Միգուցե նրանք լավ չհասկանան՝ ինչ եք ցանկանում անել կամ շատ խիստ կարծիքներ ունենան: Նրանք ոչ միշտ ճիշտ կլինեն։ Սակայն ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ։ Եթե ձեր գաղափարը չի հակադրվում այդ ամենին, ապա դուք պետք է փոփոխեք այն: Լավագույն գաղափարները ճկուն են:

Եթե խոսենք փոքր բիզնեսների աշխարհի մասին՝ բոլոր փոքր բիզնեսների 30%-ը սկսում են մեկ բանից և տասներկու ամիս հետո զարգանում և դառնում մեկ այլ բան:  Սա տեղի է ունենում, քանի որ շուկան է որոշում՝ ինչ և ինչպես նրանք պետք է լինեն: Կարծում եմ՝ նույնը վերաբերում է նաև ստեղծարար գաղափարներին:

Թույլ տվեք մի օրինակ բերել: Ես նախկինում աշխատել եմ հեռուստատեսային և ռադիո-դրամաների ոլորտում: Ես հեռուստատեսային  և Արևելյան Եվրոպայի երկրներում հեռարձակվող ԲիԲիՍի-ի ռադիոյի համար մի շարք դրամաների շարք եմ համակարգել: Առաջին  հայացքից  ամեն ինչ պարզ է: Դրաման օգտագործում է գեղարվեստը՝  դժվարություններ  ապրող մարդկանց օգնելու ըմբռնել իրենց վերապրած  բարոյական լաբիրինթոսըայնպիսի ձևով , որ հնարավոր չէ անել նորությունների կամ վավերագրական նյութի միջոցով։   Մենք մեկնարկեցինք առաջին նախագիծը Ռուսաստանում: ԲիԲիՍի-ն աշխատում էր Ռուսաստանի Ռադիոյի հետ համագործակցությամբ և մենք ստեղծեցինք  "Дом7 Подъезд 4” («7-րդ տուն, 4-րդ մուտք») ծրագիրը:

Բրիտանական կառավարությունը հետաքրքրված էր սերիալների ֆինանսավորմամբ, բայց այդ ժամանակ իշխանությունը ղեկավարում էր աջակողմյան կուսակցությունը, և նրանք ցանկանում էին արծարծել փոքր բիզնեսի զարգացման ձևերին առնչվող թեմաներ։ Երբ երկու տարի անց Միացյալ Թագավորության  կառավարությունն անցավ ձախակողմյան կուսակցության ձեռքը, նրանց առաջնահերթությունները դարձան աղքատության մեղմացումը և սոցիալական աջակցությունը։ Այսպիսով, մենք ստիպված էինք կատարել անհրաժեշտ փոփոխությունները՝ նոր բովանդակություն  զարգացնելով, նոր կերպարներ ավելացնելով կամ մեկ-երկու հին կերպարի սպանելով։ Հիմնական խնդիրը սա է. եթե դուք լավ գաղափար ունեք, համոզվեք, որ դրա տնտեսական մոդելը բավականաչափ ճկուն է: Մեր դեպքում տնտեսական մոդելը ռուսական լրագրողների կամ ձայնագրման ինժեներների կարողությունների զարգացումը չէր։ Տնտեսական մոդելը ստեղծագործական բովանդակությունն էր։ Երբ Միացյալ Թագավորության ֆինանսավորումն ավարտվեց, սերիալը շարունակեց իր գոյությունը մի քանի տարի՝ ինքնուրույն օգտագործելով բովանդակությունը վաճառելու մոդելը։ Այն ուներ ավելի քան 1,500 դրվագ։

Ճիշտ գաղափար՝ ճիշտ ժամանակին

Նաև հարցրեք ինքներդ ձեզ՝ որոնք են նոր միտումները։ Եթե դուք մտորում եք արտաքին ֆինանսավորման մասին՝ ո՞ր հիմնական ոլորտով են հետաքրքրված ներդրողները: Եթե այս պահին մարդիկ իսկապես  ոգևորված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և ստեղծարարությամբ, ապա դուք պետք է մտածեք այդ բաղադրիչը ձեր նախագծում ավելացնելու մասին: Դուք պետք է զննեք և հասկանաք՝ ինչով են հետաքրքրված ներդրողները, ինչն է հանրաճանաչ կամ ինչը շուտով հանրաճանաչ կդառնա:

Կենտրոնացեք  այն  ամենի վրա, ինչ գիտեք

Դուք պետք է գնահատեք ձեր հմտությունները և Ձեր ուժեղ կողմերը:  

Դիտարկեք ծրագրի կառավարում, ծրագրի առաջարկի շարադրում, ֆինանսավորում, շուկայագիտություն թեմաներով որոշ առցանց դասընթացներ, հետազոտեք՝ հասկանալու համար՝ ինչից եք լավ: Անկեղծ և խստապահանջ եղեք ինքներդ ձեզ հետ ձեր կարողությունների վերաբերյալ: Եթե վստահ  չեք հաշվապահության ոլորտում ունեցած ձեր գիտելիքի վրա, անհարմար եք զգում անծանոթներին գաղափարներ ներկայացնելիս կամ հանրային ելույթ ունենալիս՝ գտեք այն մարդկանց, ովքեր դա կանեն: Ձեզ պետք են ընկերներ, որոնք կաջակցեն ձեզ այն ոլորտներում, որտեղ ձեր հմտությունները բավարար չեն: Ինքներդ ձեզ հետ ազնիվ լինելը և ձեր հմտությունները ստուգելը կկատարելագործի  ձեր նախագիծը։

Վերաիմաստավորենք մշակույթը

«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում ես աշխատում եմ վեց երկրում, որոնցից մեկը Հայաստանն է: Չնայած այս երկրներն ունեն ընդհանուր ժառանգություն, նրանք զարգացման տարբեր ուղիներ են ընտրել: Այս երկրներից շատերում տարածված մոլորություն կա ոլորտի և հանրության օղակներում, որ մշակութային նախագծերը ոլորտից դուրս մեծ աջակցություն չունեն:

Կարո՞ղ եք գտնել ավտոբուսի վարորդի, ով ոգևորված կլինի մշակույթով: Ըստ էության նա, հավանաբար, ոգևորված է, միայն թե չգիտի՝ որն է   մշակույթի սահմանումը ժամանակակից հասարակությունում։ Նա , ամենայն հավանականությամբ,  երաժշտություն է լսում, թերթ կարդում, վիդեոխաղերով զբաղվում, մեկնում հանգստավայր, սիրում ուտել, հագուստ գնել, տանը պատից կախված նկարներ ունի և երազում է տանը կցակառույց ավելացնելու մասին։

Ծավալուն քննարկում կա՝ ի՞նչ է մշակույթը, և ինչպե՞ս են մարդիկ առնչվում մշակույթին  թեմայով: Մարդիկ դեռ ընկալում են մշակույթն իբրև բարձր արվեստի էլիտար ոլորտ և չեն ընդունում, որ մշակույթը նաև առօրյա բնույթ ունի:

Պետք է հասկանալ, որ մշակույթը կարևոր է: Սա կարևոր է ավտոբուսի վարորդի, ինչպես նաև ազգի համար։ Երկրները ճանաչվում են իրենց մշակույթով, բայց դրանք պետք է  նույնքան լայն հաղորդակցություն ունենան։  Հայաստանը պետք է ներկայացնի իրեն թե տարածաշրջանային, թե միջազգային հարթակում իր ավանդական մշակույթի նոր մեկնաբանությունների միջոցով:

Ինքնադրսևորվեք: Պատմե՛ք աշխարհին և մնացած բոլորին՝ ինչ հրաշալի է լինել Հայաստանում և համաշխարհային արժեք ունեցող ասելիք ունենալ:

Մանե Գևորգյան

 http://www.civilnet.am/news/2016/11/03/Ճկունությունը-մշակութային-ծրագրերի-հաջողության-գրավականն-է-Թիմ-Ուիլյամս/302811 

Other interesting stories: