Մշակույթը բարելավում է կյանքը

Ինչո՞վ են կարևորվում մշակույթը և մշակույթի աջակցությունը: Ի՞նչն է հանդիսանում մշակութային ծրագրերի հաջողության գրավականը: Նման հարցեր քննարկեցինք մշակութային ծրագրի առաջարկների շարադրման փորձագետ Մագդալենա Կռասովսկա Իգրասի հետ Հայաստանի մայրաքաղաք Երևան կատարած իր այցելության ընթացքում:

Մշակույթը հանդիսանում է հիմք խաղաղ գոյակցության համար:

Այն ուսուցանում է փոխըմբռնում և հանդուրժողականություն: Առանց մշակույթի մարդկությունը գոյություն չի ունենա: Մշակույթը նաև խոսում է կյանքի որակի մասին: Այն մարդկանց միջև ստեղծում է վստահություն և համերաշխության զգացում: Այն գոհացնում և երջանկացնում է մարդկանց: Յուրաքանչյուր նախագծի ընթացքում և յուրաքանչյուր օր մենք աշխատում ենք մարդկանց հետ և մարդկանց համար: Մեր վերապատրաստման դասընթացների միջոցով մենք փորձում ենք աջակցել մարդկանց և ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք հասնեն կյանքի որոշակի կենսամակարդակի: Մշակույթը մարդակենտրոն է:

Մադկանց կարիքների բացահայտումը հաջողված ծրագիր ունենալու քայլերից մեկն է: Յուրաքանչյուր մշակութային առաջարկ պետք է որոշակի պահանջներ բավարարի: Նախ և առաջ, այն հարկ է շարադրել հստակ և գրագետ լեզվով: Անհրաժեշտ է, որ պարզ պատկերացնեք, թե ինչ եք անելու: Գործի դրեք Ձեր ողջ ուժը և ճիշտ գործիքներ, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարող եք գրավել նվիրատուներին:

Եթե դիմում եք ներկայացնում դրամաշնորհի կամ այլ տիպի աջակցության համար, վերլուծեք ձեր նվիրատուների ակնկալիքները: Կարևոր է համոզել փորձագետներին, որ գիտեք, թե ինչի մասին եք խոսում և ինչ նպատակներ ունեք: Նույնիսկ, եթե արտակարգ գաղափարներ ունեք, եղեք ուշադիր և մանրակրկիտ վերլուծեք, թե ինչպես եք դրանք իրականացնելու: Անհրաժեշտ է բացահայտել հաստատության կարիքները, հասկանալ, թե որ ուղղությամբ եք շարժվելու և գտնել այն գործընկերներին, ովքեր կունենան նույն արժեքային համակարգը:

Մշակույթի աջակցությունը որպես իմիջ ստեղծելու գործիք

Բոլոր ժամանակներում անհրաժեշտ է աջակցել մշակույթին: Լարված քաղաքական իրադրությունը և տնտեսական խնդիրները հիմնականում ըմբռնման բացակայության արդյունք են:

Մշակույթը դրական ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա, նրանց դարձնում ավելի ազատ, խթանում փոխըմբռնումը:

Հայաստանը մեծ երկիր է` հսկայական ներուժով, որը թերևս այդքան էլ հայտնի չէ աշխարհին: Այստեղ կան զբոսաշրջության զարգացման հեռանկարներ, արտակարգ մշակույթ, ջերմ մարդիկ: Աջակցելով մշակույթին` Դուք արտաքին աշխարհին եք ներկայացնում Ձեր արժեքային համակարգը և մշակույթը: Արդյունքում ձեռք եք բերում հզոր և արժեքավոր երկրի համբավ, երկիր, որի հարուստ մշակութային ժառանգությունը կհետաքրքրի օտարերկրացիներին:

Տեխնոլոգիան օգնում է փոխել մշակութային արժեքները

Օրեցօր զարգացող տեխնոլոգիան ընդլայնում է մշակույթի լսարանների շրջանակը: Այսպես, օրինակ, բջջային հեռախոսի համար նախատեսված յուրաքանչյուր ծրագիր ունի իր մշակութային առանձնահատկությունները: Պետք չէ թերագնահատել տեխնոլոգիայի դերը, քանի որ այն մեզ կարող է տալ ցանկացած տեսակի տեղեկատվություն: Մեր ներկայացրած բովանդակության շնորհիվ գրաֆիկական դիզայներները կարողանում են փոխել մշակութային առանձնահատկությունները` ըստ ծրագրերի: Յուրաքանչյուր հասարակ խաղ հիմնված է մշակութային առանձնահատկությունների վրա: Տեխնոլոգիան արտակարգ գործիք է, որը մարդկանց հնարավորություն է ընձեռում ծանոթանալ այլ երկրների և դրանց մշակույթի հետ: Տեխնոլոգիան և մշակույթը գործում են զուգահեռ` միմյանց լրացնելով և օգնելով, որ ամեն անգամ ավելի լայն լսարաններ ներգրավվեն:

Մեր ուշադրության կենտրոնում մարդիկ են

Յուրաքանչյուր այն երկրում, որտեղ վերապատրաստման ծրագրեր ենք անցկացնում, անհրաժեշտ է խոսել մարդկանց հետ, ավելի շատ բան իմանալ նրանց գաղափարների, նպատակների և կապերի մասին: Նախագիծ ղեկավարելու մեթոդաբանությունը համընդհանուր է, բայց վերջիվերջո մենք գործ ունենք մարդկանց հետ: Մեր ուշադրությունը նրանց է ուղղված, մենք գիտենք նրանց կարիքները և փորձում ենք դրանց բավարարել:

Կարևոր է աշխատել լսարանի հետ և գրավել նրանց ուշադրությունը: Մշակույթը կարելի է գործածել որպես սոցիալական ինտեգրման գործիք: Արվեստի մեկուսացած լինելու միտքն ինձ դուր չի գալիս, և ես համաձայն չեմ, որ այն նախատեսված է մարդկանց փոքր խմբի համար միայն: Այստեղ կարևոր է, թե ինչպես են բացատրում կամ մատուցում արվեստը, որպեսզի մարդիկ հասկանան և ցանկանան ներգրավվել:

Մշակութային կենտրոնները ինչ-որ չափով համայնքային կենտրոններ են հիշեցնում: Արվեստի հանդեպ տածած սերը կստիպի Ձեզ, որ արվեստին միշտ տեղ հատկացնեք Ձեր կյանքում: Անպայման չէ լինել մասնագետ, որպեսզի հասկանաք արվեստը: Արվեստը ուժ է հաղորդում մարդկանց և բարելավում նրանց կյանքը:

Մագդալենա Կռասովսկա-Իգրասը բնակվում է Լեհաստանում` Վարշավայում: Նա աշխատում է Տեղեկատվական հասարակության զարգացման հիմնադրամում: Վերջին 12 տարվա ընթացքում նա զբաղված է նախագծերի առաջարկների շարադրմամբ: Մագդալենան աշխատում է որպես բեմադրիչ և միևնույն ժամանակ ղեկավարում է բավականին մեծ միջազգային ծրագրեր, որոնց համար նույնպես փորձում է ֆինանսավորում ձեռք բերել: Նախագծերի կենտրոնում մշակութային հաստատությունների ներուժի բարելավումն է, ինչպես նաև արվեստագետների, հիմնականում երաժիշտների հմտությունների զարգացումը: «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում, տկն. Իգրասը վերապատրաստման դասընթացներ է անցկացրել Ուկրաինայում, Բելոռուսիայում և Հայաստանում: Երևանի ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:  

Other interesting stories: