Թատերական արվեստում հաջողության հասնելու բանաձևը

Խորհուրդներ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանից

Մարդկանց հետաքրքրելու առաջին գրավականը, միանշանակ, աշխատանքի բարձր որակն է՝ գեղարվեստական և կատարողական արվեստի իմաստով և յուրօրինակ մոտեցումը հանդիսատեսի հետ աշխատանքում (նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից հաղորդակցման միջոցների օգտագործում)։

Իսկ հանդիսատեսին հուզելու համար հարկավոր է գտնել այն զուգահեռ ալիքները, որոնք տվյալ պահին հուզում են թե քեզ, թե հանդիսատեսին, եւ ճիշտ լեզու ընտրել այդ ալիքները դիմացինին փոխանցելու համար: Երբ լսում եմ երաժշտական որեւէ ստեղծագործություն, կարդում եմ մի  գիրք, նայում եմ մարդկանց, հանկարծ իմ երեւակայության մեջ արթնանում են էսքիզներ, պատկերներ, եւ ես անմիջապես ցանկանում եմ կիսվել այդ ամենով հանդիսատեսի հետ:

Հաջողված ծրագրի համար գաղափարը պետք է լինի յուրօրինակ, իրականացնողը պետք է ունենա համբերություն, կամք եւ աշխատասիրություն, կարեւոր են նաեւ հավատարիմ համախոհները: Այն երիտասարդները, որոնք նույնպես ցանկանում են թատերական արվեստի ոլորտում իրենց խոսքն ասել, առաջին հերթին պետք է կամքի մեծ ուժ ունենան, երբեք չկոտրվեն ու չվախենան իրագործել այն, ինչին հավատում են:

Մյուս կարեւոր խորհուրդս անդադար սովորելու, այս ոլորտում նորը տեսնելու ձգտումն է, քանի որ աշխարհն այնքան արագ է զարգանում, եւ պետք է ժամանակին օգտագործենք բոլոր հնարավորությունները: 

Միանշանակ հետաքրքրված եմ տարբեր համագործակցություններով, կարող եմ ասել, որ իմ ղեկավարած թատրոնը միշտ բաց է հետաքրքիր ցանկացած գաղափարի և գործընկերության համար: Մենք գնահատում և կարևորում ենք Արեւելյան Եվրոպայի երկրների եւ ԵՄ գործընկերների հետ ունեցած մեր կապերը և ակնկալում նոր, հետաքրքիր, համատեղ նախագծերի իրականացում:

Վահան Բադալյան

Ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը, վերապատրաստվել Ֆրանսիայում՝ «Պրունուս Արմենիկա» հայ-ֆրանսիական թատերական նախագծի շրջանակներում: 2001-ից ղեկավարում է Գեղագիտության Ազգային Կենտրոնի. Փոքր թատրոնը և դասավանդում նույն թատրոնի դրամատիկական ստուդիայում: Իր հեղինակած ներկայացումներով մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր թատերական փառատոնների, արժանացել մրցանակների:

Դասավանդել է Իտալիայի Սալերնո քաղաքի թատերական դպրոցում: Հայ-Իտալական մի շարք թատերական նախագծերի հեղինակ և բեմադրիչ: Բացի Փոքր թատրոնից, բեմադրություններ է իրականացրել Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, ինչպես նաև հանդիսանում է «Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ իրականացված «Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրիչ: Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Պար առանց սահմանների» նախագծի շրջանակներում ստեղծված ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար:

Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը Հայաստանի երիտասարդական եւ նորարական թատրոններից  է: 

Այն հիմնադրվել է 35 տարի առաջ դրամատիկական ստուդիայի հենքի վրա: Թատրոնի հիմնական նպատակն է նպաստել արվեստագետների ստեղծագործական գործունեության կայացմանը, ինչպես նաև դառնալ թատերական արվեստով հետաքրքրված պատանիների եւ երիտասարդների համար հարթակ՝ տարբեր կրթական եւ միջազգային ծրագրերի իրականացման համար: Թատրոնի իրականացրած վերջին նախագծերից մեկը Հայաստանում առաջին ներառական պարային խմբի հիմնադրումն է:

 

 

Other interesting stories: