Ինչպես առողջացնել թատրոնը

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Հայաստանում թատրոնները որոշ կարիքներ ունեն, սակայն ֆինանսականը գլխավորը չէ:

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը Հայաստանի ամենակայացած մշակութային օջախներից է, անգամ էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ձմռան ցրտին ու էլեկտրական հոսանքի բացակայության պարագայում, այն մեկ օր իսկ չի կանգնել: Երեւանի տիկնիկային թատրոնն ամենաշատն է մեկնում հյուրախաղերի, երիտասարդ արվեստագետների համար դառնում ինքնադրսեւորման եւ ստեղծագործական ազատությունների հարթակ, բեմադրում ինքնատիպ ներկայացումներ նաեւ մեծահասակների համար: 

«Պետական աջակցությունը պարտադիր բան է յուրաքանչյուր երկրի թատրոնի համար, նույնիսկ ԱՄՆ-ում, մեկենասությունն ու հովանավորչությունը լայնորեն կիրառվում են, միեւնույն է՝ թատրոններն այն հազվագյուտ մշակութային օջախներից են, որոնք ստանում են նաեւ պետական աջակցություն»,-փաստում է արվեստագետը: Մյուս կողմից էլ կարծիք հայտնում, որ միայն պետական աջակցությամբ չի կարելի սահմանափակվել, որովհետեւ պետությունն այլ կարեւոր խնդիրներ էլ ունի: Պարոն Բաբայանն ափսոսում է, որ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ օրենք չընդունվեց մեկենասության եւ հովանավորչության մասին, ու այդ գաղափարը չկայացավ: «Հարցը միայն ֆինանսականին չի վերաբերվում, պետք է բիզնեսը կապել արվեստի հետ, անել այնպես, որ բիզնեսով զբաղվողները շահագրգիռ լինեն արվեստին օժանդակելու գործում, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն արվեստը ֆինանսավորելու, այլ ընդհանրապես մշակույթը հասարակության մեջ պրոպագանդելու տեսակետից: Հաջողակ մարդիկ հասարակության համար լավ օրինակ են ծառայում: Եվ երբ հանրությունը տեսնում է, որ բիզնեսում հաջողությունների հասած մարդիկ ու կազմակերպությունները հովանավորում են արվեստը, սա արժեքային համակարգ է ստեղծում: Մենք հաճախ որոշակի հարցեր կապում ենք պետական ֆինանսավորման հետ, դա թատրոններում բերում է պետական կարծրացած ստրուկտուրայի: Թատրոնները օրենքով ՊՈԱԿ-ներ (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) են, իսկ ՊՈԱԿ ասածները նման օրենքի սահմաններում բացարձակապես չեն ենթարկվում ճկուն զարգացումների: Ստեղծագործական աշխատանքի բնույթը ենթադրում է աշխատանքային ուրիշ հարաբերություններ, այնինչ թատրոններն այլ ոլորտների կառույցների նման գտնվում են նույն աշխատանքային օրենսդրության շրջանակներում՝ մարդկանց ընդունել աշխատանքի, փորձաշրջան, պայմանագիր, դրույքաչափ եւ այլն: Այս պաշտոնականությունը բերում է լճացման ստեղծագործական ասպարեզում, մինչդեռ ինչքան ավելի ազատ լինես հարաբերություններում, այնքան ավելի լավ: Մեր օրենսդրական դաշտն ահավոր կարծրացած է, եւ փաստորեն, բացարձակապես տարբերություն չկա նրբերշիկի արտադրության եւ ներկայացման արտադրության միջեւ: Օրինակ՝ Գնումների մասին օրենքը հաշվի չի առնում թատրոնի էքսկլյուզիվ արտադրանք տալու հանգամանքը: Չէ՞ որ, երբ մենք բեմադրություն ենք անում ընտրում ենք ոչ թե ամենաէժան նյութերը, այլ այն, ինչ պետք է: էքսկլյուզիվ արտադրանք տալը այլ կանոններով պետք է ուղեկցվի»,-համոզված է Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով, ստեղծագործական անձնակազմում եղած պաշտոններն ու հստակ սահմանված հաստիքներն էլ են բերում թատրոնի լճացմանը. «Բոլոր թատրոնների օրինակով գիտենք, որ բազմաթիվ հաստիքով աշխատող դերասաններ կամ ընդհանրապես չեն խաղում, կամ խաղում են ամսեկան 1-2 ներկայացում, բայց նրանց աշխատանքից չեն ազատում, որովհետեւ միանգամից ծագում են սոցիալական հարցեր: Ցավոք, ապահոված չէ ստեղծագործական աշխատողի կենսաթոշակային հարցը, չգիտենք թե ինչքան ժամանակով է մարդուն տրված տաղանդը, բայց տաղանդի ակտիվ ժամանակ արվեստագետը պետք է այնքան գումար ստանա, որ վաղը հանգիստ իր տեղը զիջի երիտասարդ տաղանդավորին: Մեր երկրում բացարձակապես չեն գործում արհմիությունները, ոչ ոք հետամուտ չէ ստեղծագործական աշխատողների իրավունքներով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/06/813059/ 

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Other interesting stories: