Ինչպե՞ս խթանել Հայաստանի մշակութային ներուժը․ փորձագետի խորհուրդները

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրն ուսումնասիրել է Հայաստանի մշակութային հատվածը և հատկորոշել երկրում առկա հնարավորություններն ու մարտահրավերները։

Փաստաթղթում ներկայացված են խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է մեծացնել մշակութային ժառանգության մրցունակությունը։ Զեկույցի հեղինակը պրոֆեսոր Ռոբերտ Փիքարդն է։ Նրա աշխատանքը հիմնված է Եվրամիության և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող փաստաթղթերի, հանրային կարծիք ձևավորողների հետ հարցազրույցների, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության հետ խորհրդակցությունների վրա։

Հայաստանի մշակութային ոլորտում առկա երեք մարտահրավերները

Ռոբերտ Փիքարդը վերլուծել է մշակութային ժառանգության պահպանության, երկրի մշակութային քաղաքականության, պաշտոնական փաստաթղթերի և ռազմավարությունների հետ պետության գործողությունների համապատասխանության, գրադարանների և թանգարանների արխիվների թվայնացման ոլորտները։  Վեր են հանվել Հայաստանի արդի հնարավորություններն ու երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները․ զբոսաշրջության զարգացումը, մշակութային կառավարման ոլորտում կադրերի պատրաստումը և նախագծերի ֆինանսավորումը։

Զբոսաշրջության զարգացումը

- Անհրաժեշտ է արդիականացնել զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքները,   ինչպես նաև ներգրավել տեղական համայնքներին երկրի զբոսաշրջային զարգացումներին։ Փորձագետը խորհուրդ է տալիս կազմել առավել սիրված և գրավիչ վայրերում գտնվող Գյումրի և Գորիս պատմական քաղաքներում զբոսաշրջության զարգացման պլան։

- Մշակել զբոսաշրջության զարգացման արդյունքում մշակութային ժառանգության հուշարձաններին հասցվող վնասների գնահատման համակարգ։ Հարկ է ապահովել կայուն զարգացում և դիմակայել վանդալիզմին, օրինակ՝ տեղական համայնքների շրջանում բարձրացնելով իրազեկության մակարդակը։

- Քանի որ զբոսաշրջությունը ողջ Հայաստանի համար առավելություններ է ստեղծում, հարկ է զարգացնել տեղեկատվական կենտրոնները նաև Երևանից դուրս։ Օրինակ՝ գնացքով էքսկուրսիաների կամ մշակութային հուշարձանների երթուղիների կազմակերպում  ողջ երկրում։

Կադրային քաղաքականությունը մշակույթի ոլորտում

- Թեև Հայաստանում առկա են բավականաչափ թվով կրթական ծրագրեր, դրանք հիմնականում տեսական գիտելիք են տրամադրում: Փորձագետների կարծիքով անհրաժեշտություն կա մշակույթի ոլորտի աշխատակիցներին այնպիսի գործնական հմտություններ սովորեցնել, ինչպիսիք են նախագծերի կառավարումը, մարքեթինգը և հաստատությունների միջև գործընկերային կապերի հաստատումը։  

- Բացի այդ, մասնագետները նշում են նաև թանգարանների աշխատակիցների ցածր մոտիվացիան և հետևողական մասնագիտական զարգացման ուղղությամբ աջակցության բացակայությունը։ Առաջարկ կա մշակութային ժառանգության ոլորտի աշխատակիցների համար ստեղծել ուսումնական կենտրոն։

Ֆինանսական աջակցություն

- Անհրաժեշտ է ստեղծել մշակութային նախագծերի, մշակութային ժառանգության կառավարման և ֆինանսավորման նոր մոդելներ, որոնց հիմքում ընկած կլինի մասնավոր   բիզնեսի և պետության համագործակցությունը, և որոնք կներգրավեն միջազգային նվիրատուների և ներդրողների։   

- Ելնելով առկա իրավիճակից` փորձագետները եզրակացնում են, որ առկա է զգալի թերֆինանսավորում, քանի որ եղած միջոցները հնարավորություն են տալիս ապահովել կազմակերպությունների միայն պահպանումը, բայց ոչ զարգացումը։

Փորձագետի առաջարկները  

Առաջին հերթին Ռոբերտ Փիքարդը խորհուրդ է տալիս համակողմանիորեն ուսումնասիրել մշակութային ժառանգությունը, կազմել հիմնական տեղանքների և մշակութային խմբերի քարտեզը։ Բացի այդ, օգտակար կլինի քննարկում կազմակերպել ազգային մակարդակով։ Դա հնարավորություն կտա բացահայտել երկրում առկա խնդիրներն ու հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել մշակութային քաղաքականություն, որը հիմնված կլինի փաստացի տվյալների վրա։ Ինչ վերաբերում է վերոնշյալ մարտահրավերներին և հնարավորություններին, ապա փորձագետը հանդես է գալիս հետևյալ առաջարկներով․

Զբոսաշրջություն. Հարկ է մշակել մի շարք ազգային և միջազգային միջոցառումներ, որոնք կնպաստեն զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը։ Բացի այդ, Հայաստանը կարող է օգտվել այս պատեհ հնարավորությունից և ստեղծել գործողությունների ծրագիր 2018թ․ Եվրոպայում մշակութային ժառանգության տարվա շրջանակներում։

Կրթություն և կադրեր․ Այս հարցում հարկ է բարձրացնել բնակչության տարբեր շերտերի մոտ մշակութային ժառանգության նշանակության մասին իրազեկության մակարդակը։ Բացի այդ, ուսանողները, որոնք ստանում են մշակութային ոլորտին վերաբերող կրթություն, բացի տեսական գիտելիքից, պետք է ունենան նախագծերի կառավարման, գործընկերային հարաբերությունների ստեղծման և նոր տեխնոլոգիաների հետ աշխատանքի հմտություններ։ Այսինքն՝  համալսարանական ծրագրերում հարկ է ներդնել նոր գործնական դասընթացներ։

Ֆինանսավորում. Խորհուրդ է տրվում կիրառել բազմաթիվ աղբյուրներից ֆինանսավորման սկզբունքը, այսինքն՝ մեծամասշտաբ ծրագրերի համար օգտագործել տարբեր դրամական միջոցներ։ Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տալիս վարձել միջազգային խորհրդատուների, որոնք ուսուցում կիրականացնեն նախարարությունների աշխատակիցների համար և կմշակեն ֆինանսավորման մոդելներ։

Հետազոտության ողջ տեքստը հասանելի է այստեղ՝

Հետազոտության ողջ տեքստը հասանելի է այստեղ՝ (EN)

Ծանոթագրություն․

ԵՄ`Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել մշակութային և ստեղծարար ոլորտներին և մեծացնել Ադրբեջանում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հումանիտար և սոցիալ-տնտեսական զարգացման գործում դրանց ունեցած ներդրումը։ Ծրագիրը պատրաստ է աջակցել գործնական ուսումնասիրությունների իրականացմանը, ռազմավարությունների և բարեփոխումների մշակման գործընթացներին, մշակութային ոլորտի արդիականացմանն ուղղված ուսուցման ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը և ընձեռել միջազգային մշակութային համագործակցության և մշակույթի դերի մասին իրազեկության բարձրացման հնարավորություններ։ Ծրագրի կայքը`

http://www.culturepartnership.eu/

Other interesting stories: