«Երևանայն հեռանկարներ»․ ինչպես փոքր երկիրը ճանաչելի դարձնել դասական երաժշտության համաշխարհային գերաստղերի համար

Գոյության գրեթե 20 տարվա ընթացքում դասական երաժշտության երևանյան փառատոնը միջազգային ճանաչում է ստացել և իր տեղը գտել կատարողական արվեստի եվրոպական լավագույն փառատոների տասնյակում։ «Երևանայն հեռանկարներ»-ի պատմության և ապագայի մասին զրուցել ենք փառտոնի համահիմնադիր և գլխովոր մենեջեր Սոնա Հավհաննիսյանի հետ։

Նա արվեստի և քաղաքականության փորձառու դիվանագետ է, որի բանակցությունները Հայաստան են բերել աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների, ինչպիսիք են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թագավերական Կոնցերտգեբաու նվագախումբը, Իսրայելի ֆիլհարմոնիկը, լեգենդար դիրիժորներ Լորին Մաազելը, Դանիել Բարենբոյմը, Զուբին Մեթան, Վալերի Գերգիևը, նշանավոր մենակատարներ Եվգենի Կիսինը, Պինկաս Ցուկերմանը, Ջոշուա Բելը, Պլաչիդո Դոմինգոն, Ռենե Ֆլեմինգը՝ այլոց շարքում։

2007-ին «Երևանայն հեռանկարներ»-ը Եվրոպական փառատանոային ասոցիացիայի անդամ է դարձել, իսկ 2015-ին իր ակադեմիան է բացել Բյուրականում։ Սոնա Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես էր սկսվում այս պատմությունը և ինչ յուրահատկություններ ունի իր աշխատանքը։

Մարիա Հովսեփյան․ Ինչպե՞ս էիք սկսում փառատոնը, ի՞նչ հավակնություններ ունեիք այն ժամանակ։ 

Սոնա Հովհաննիսյան․ Իհարկե, առանց մեծ ամբիցիայի նման բան հնարավոր չէր սկսել։ Փառատոնի մասին սկսել ենք մտածել 1999-ին, մեր երկրի անկախության իններորդ տարին էր ընդամենը և մարտահրավեր էր մի փառատոն սկսել, որը պիտի Հայաստանը աշխարհի մշակութային կենտրոններից մեկը դարձներ։ Գաղափարը փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանինն էր, ես էլ համահիմնադիրը դարձա և արդեն 19 տարի է անփոփոխ մենեջերն եմ։ Կարծում եմ, փառատոնի հաջողության գրավականներից մեկն այն էր, որ ճիշտ գաղափարի ու ճիշտ տեսլականի հիման վրա ստեղծվեց։ Համերգաշար չէր, ինչ-որ փոփոխություն բելերու փորձ չէր․ հստակ գիտեինք, թե ինչպիսին այն պիտի լինի և ինչին պիտի ծառայի։ Առաքելությունը շատ կարևոր է։ Նպատակը Հայաստանը միջազգային նշանակության երաժշտական կենտրոն դարձնելը և հատուկ միջավայր ստեղծելն էր։ Միշտ խուսափել ենք աստիճանաբար զարգացումից։

Մեր գաղափարախոսության կարևոր կետերից մեկն այն էր, որ աստիճանաբար ուրիշ բաները գուցե պիտի զարգանան, բայց ոչ որակը։ Մենք չէինք ցանկանում, պարզապես լավ կամ հայտնի երաժիտների բերել։ Միշտ ջանացել ենք առաջին կարգի աստղերի բերել, որպեսզի այստեղ ստեղծվի միջավայր, որը նման է Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի միջավայրին։

Բեռլինի պետական նվագախումբը՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Կրոնոս» քառյակը և շատ ուրիշներ, Հայաստան գալով ընդհանրապես առաջին անգամ էին ոտք դնում թե՛ Կովկասյան տարածաշրան, թե՛ Արևելյան գործընկերության երկրների տարածք։ Կարծում եմ, որ նշանակալի առաքելությունն էր և անզիջում որակային չափանիշները, որ բերեցին փառատոնին նման հաջողություն և տարածաշրջանը ճանաչելի դարձրեցին դասական երաժշտության աշխարհի գերաստղերի համար։

Մ․Հ․ Ի՞նչ ռեսուրս ունեիք այն ժամանակ, որը թույլ տվեց հավատալ, որ կարող եք այս գործին լծվել։

Ս․Հ. Հիմնական մեր ռեսուրսը մշտապես մեր ֆանատիզմն է եղել։ Ամենաառաջին տարում՝ 2000 թվականին, մենք «Բաց հասարակության ինդտիտուտ»-ից (Open Society Institute, OSI) դրամաշնորհ ստացանք։ Քանի որ այն Արևելյան Եվրոպայի երկրներին էր ուղված, մենք խմբեր ունեցանք Ուկրաինայից, Վրաստանից, Էստոնիայից, Ռուսաստանից, Հունգարիայից, Լիտվայից։

Հիշում եմ, որ մեզ զգուշացնում էին, որ անհնար է այդքան մարդ, նման ծրագիր այդ դրամաշնորհի մեջ տեղավորել, անհանգստացած էին ծավալից։ Միակ տարին էր, որ արվեստի տարբեր ճյուղեր ներկայացրինք. երաժշտություն, ժամանակակից արվեստ, թատրոն… Բանն այն է, որ որպես ճափորոշիչ աչքի առաջ ունեինք Էդինբուրգի փառատոնը։ 1980-ականների վերջին մեր փառատոնի հիմնադիր, հայտնի կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հրավիրված էր աշխատեու Շոտլանդիա: Գլազգոյում նրա ստեղծագործությունները կատարվում էին մեծ հաջողությամբ Գուբայդուլինայի, Շնիտկեի, Կանչելիի, Դենիսովի, Քսենակիսի և այլոց հետ նույն փառատոնում: Խորհրդային միության մի շարք կոմպոզիտորներ արտագաղթեցին արևմուտք: Նույն գայթակղությանը Ռոստոմյանը պատասխանեց առավել աննորմալ քայլով, և որոշեց Էդինբուրգի փառատոնի ամբողջ փայլն ու շունչը տեղափոխել փոքրիկ, նոր անկախացած Հայաստան։

Իհարկե, դա ծառայության և պայքարի տարիներ էին, բայց չքնաղ մի պատմություն կերվեց։ Վերջիվերջո, կայացման չափորոշիչը ֆինանսական միջոցները չեն միայն։ Կան հարուստ երկրներ, որոնք շատ գումար ունեն, բայց չունեն մեզ մոտ արդեն կայացած ինստիտուցիոնալ փառատոնային կառույցը։

Մ․Հ․ Ինպե՞ս եք բանակցում այդ գերաստղերի հետ։ Հասկանալի է, որ այստեղ միայն հոնորարի հարցը չէ։ Պիտի գան անծանոթ մի երկիր, չգիտեն ինչ պայմաններ են նրանց սպասում, քաղաքական հարցեր կան երբեմն․․․ ինչի՞ հաշվին եք հաջողում։

Ս․Հ. Հայաստանը ճանաչված է իբրև հազարավոր տարիների հարուստ մշակույթի կրող հնագույն երկիր, սակայն պիտի փաստեմ, որ աշխարհի ամենահռչակավոր նվագախմբերին կամ գերաստղերին երկիր բերելու համար դա քիչ է, ոչ էլ հոնորարն է մեծ դեր խաղում, քանի որ մեր փառատոնի պարագայում ահռելի զիջումներ են միշտ արվել: Փառատոնի հիմնադրման տարին` 2000-ին, Ստեփան Ռոստոմյանը հայտնի երաժիշտներ և անձնական ընկերներին հրավիրեց․ ջութակահարուհի Տատյանա Գրինդենկոյին, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին, դիրիժոր Վալերի Մատյուխինին` իրենց խմբերով։ Տարիների ընթացքում ձնագնդիի պես աճեց փառատոնի հեղինակությունը, այն հաստատեց իր տեղը աշխարհի գեղարվեստիական քարտեզին: Իհարկե, դա հնարավոր չէ առանց անվերջ նվիրումի, հարկավոր է, որ լինեն մարդիկ, որոնք պատրատ են ամբողջ կյանքը նվիրել փառատոնին։

Մ․Հ․ Մենք գիտենք, որ Հայաստանում արվեստի ոլորտում աշխատող մենեջերների պակաս կա, մասնագիտական կրթություն չկա։ Ինչպե՞ս եք լուծում մարդկային ռեսուրսի հարցը։

Ս․Հ. Աշխատակազմը վերջին տասը տարվա ընթացքում է ձևավորվել։ Մեզ միավորեց այն, որ նրանք վարակված էին նույն էնտուզիազմով և գիշեր-ցերեկ աշխատելու կարողությամբ: Բայց փառատոնում աշխատելու փորձ, իհարկե, բացարձակ չունեին։ Հիմնականում լեզվաբաններ էին, ինտելեկտուալ, զարգացած մարդիկ էին։ Կարծում եմ Հայաստանի յուրահատկություններից մեկն այն է, որ մեզ մոտ մարդկանց հետ շփման մշակույթը շատ բարձր մակարդակի վրա է։

Մենք բոլորս հասկանում ենք, որ յուրաքանչյուր փառատոն, բացի մշակութային արժեքից, քաղաքական մեծ արժեք ունի։ Այն երկրի դեմքն է, երկրի այցեքարտն է, որով այն ներկայանում է և ձեռք է բերում դեսպաններ, ընկերներ։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են շփվում այդ մեծ երաժիշտների հետ, ովքեր են դիմավորում, ուղեկցում նրանց և այլն։ Պիտի նշեմ, որ հյուրերը հիմնականում հիացած և ցնցված են հեռանում մեր երկրից, տպավորվելով նաև ջերմ և պրոֆեսիոնալ ընդունելությանից: Տարիների փորձը մեր անձնակազմի անդամներից յուրաքանչյուրին միջազգային փառատոնի համար անփոխարինելի մասնագետ է դարձրել։

Օրինակ, Թագավորական Կոնսերտգեբաու նվագախմբի համերգի օրերին աշխատում էին 35 կամավորներ, որոնք մշտապես անմիջական շփման մեջ էին նվագախմբի անդամների և ղեկավարների հետ։ Վերջիններս այնքան տպավորված էին ընդունելությունից, որ վերադարձին 35 անհատական շնորհակալական նամակ և ձայնասկավառակ էին ուղարկել։

Մ․Հ․ Ձեր արտիստներից ո՞ւմ էր ամենից բարդ հրավիրելը։ Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք։

Ս․ Հ․ «Կրոնոս» քառյակի պատմությունն է հետաքրքիր։ Լեգենդար ամերիկյան քառյակը փորձել ենք Հայաստան հրավիրել սկսած 2001 թվականից: Նրանք, կարծես, այս տարածաշրջան գալու հետաքրքություն և ժամանակ չէին գտնում:

Բայց մենք ամեն տարի վերսկսում էինք բանակցությունները։ Երբ վերջապես պաստառները փակցրեցինք քաղաքում, մեզ լուրեր հասան, որ մարդիկ հարցնում են, արդյոք սա խաբեբայություն չէ, հնարավոր չէ, որ «Կրոնոս» քառյակը գա Հայաստան։ Թերահավատություն էր հայտնում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Նա այնքան համոզված էր, որ իր երկրի խորհրդանիշներից մեկը հանդիսացող, հոլիվուդյան ֆիլմերի սաունդրեքները ձայնագրող գլամուրային քառյակին հնարավոր չե տեսնել այստեղ, որ համաձայնեց վճարել խմբի հոնորարի կեսը, եթե լուրը վերածվի իրականության: Դա տեղի ունեցավ հաշված ամիսներ անց, 2004 թվականին:

Շատ տպավորիչ էր «Տոկիո» քառյակի համերգը։ Նրանք Վաշինգտոնի թանգարանից Հայաստան էին բերել «Պագանինիի քառյակ» կոչվող Ստրադիվարիի պատրաստած գործիքները: Ապահովագրության պայմաններից ելնելով այդ գործիքները ամեն երկիր չէ, որ կարելի է տանել։

Կային, իհարկե, առանցքաին մարդիկ, որոնք օգնեցին մեզ պատմություն ստեղծել։ Այդպիսին էր, օրինակ, Եվգենի Կիսինը։ Նրա մենեջմենթի հետ մենք 4-5 տարի բանակցում էինք, բայց ապարդյուն։ Մի օր ես նրանից անձամբ նամակ ստացա։ Աչքերիս չէի հավատում, մտածում էի, երևի իր անունից մեկը գրում է։ Բայց նա գրում էր, որ մի քանի տարի է, ինչ հետևում է մեր գործունեությանը և համարում է, որ կարող է գալ։ Հետո նա երեք անգամ վերադարձավ Երևան` անմոռանալի համերգներով փառատոնի շրջանակներում: Եվգենի Կիսինը ոչ միայն հանճարեղ երաժիշտ է, այլև համամարդկային արժեքների ջատագով և մեր երկրի մեծ բարեկամ: Չեմ կարող չնշել նաև Ռոդիոն Շչեդրինի և լուսահոգի Մայա Պլիսեցկայայի, Քշիշտոֆ Պենդերեցկու անունները, այլ հոգեհարազատ մարդկանց շարքում:

Մ․Հ․ Ո՞ւմ եք հիմա երազում հրավիրել Հայասատն։

Ս․Հ․ Օրինակ, հիմա 2020-2021 թթ․ ծրագրում նախատեսում ենք հրավիրել աշխարհի լավագույն ջութակահարներից մեկին` Յանին Յանսենին: Նշանակվում են նաև Լեոնիդաս Կավակոսի և Գիլ Շահամի համերգների օրերը: «Երևանայն հեռանկարներ»-ը համարվում է Եվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը` ճանաչված ամբողջ աշխարհում։ Այժմ մենք արդեն երկար բացատրելու, նկարագրելու խնդիր չունենք, հարկավոր է միայն օրերը հարմարեցնել։

Ծրագրում, ինչպես նախկինում, կան արտիստներ, որոնք դեռևս երբեք չեն եղել այս տարածաշրջանում։ Մոտ ժամանակներս կհրապարակենք դաշնակահար Մարթա Արգերիխի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների օրերը Երևանում։

Մ․Հ․ Արդյոք հաջողվո՞ւմ է մասնավոր հատվածից հովանավորների ներգրավել։

Ս․Հ․ Կան ընկերություններ, որոնք իրենց պարտքն են համարում աջակցել բարձր մշակույթին, սակայն եթե հարկային որոշակի արտոնություններ կիրառվեն, ապա, կարծում եմ, որ հովանավորների խնդիր ընդհանրապես չենք ունենա:

Մ․Հ․ Անձերի հարց է, ճի՞շտ եմ հասկանում։

Ս․Հ․ Այո, անձերի հարց է, դա ղեկավարների, սեփականատերերի որոշումն է։ Իհարկե, եղել են շրջաններ, երբ այդ ընկերություններն էլ բարդություններ են ունեցել և չեն կարողացել շարունակել ֆինանսավորումը, սակայն միշտ հայտնվել են ուրիշները։ 2008 թվականից պետությունը շատ լուրջ կերպով միացավ փառատոնի աջակցությանը։ Այժմ, մեծ հպարտություն եմ ապրում այն առիթով, որ չնայած երկրում ղեկավարությունը փոխվել է, աջակցությունը մնում է։ Այսինքն, միաձայն համարում են, որ փառատոնը երկրի համար կարևոր է և պիտի պահպանվի անկախ իշխանության փոփոխությունից։ 

Other interesting stories: