Սերգեյ Սմբատյան «Մշակույթը հզոր ուժ է: Նրա միջոցով աշխարհին շատ բան կարելի է ասել»

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը պատմում է Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների առանձնահատկությունների մասին:

Կարծում եմ՝ ամենահաջողված ծրագրերը դեռ առջևում են։ Իսկ ընդհանրապես, արվեստագետի ստեղծագործական հաջողությունների մասին պետք է խոսի հանրությունը՝ արվեստասերը։ Այն, որ Հայաստանում 10 տարի առաջ ստեղծվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, բազմաթիվ երիտասարդ երաժիշտների ապահովել աշխատանքով, հայկական երաժշտական և կատարողական արվեստը ներկայացրել արտասահմանում, արժանացել լեցուն դահլիճների և ամենախստապահանջ ունկնդրի ծափահարությունների, մեր մեծ թիմի մեծագույն հաջողությունն է։

Չեմ կարող չընդգծել «24/04» համաշխարհային նվագախմբի ելույթն ապրիլի 24-ին։ Այս բացառիկ նվագախմբի կազմավորման, համերգի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի թիմը։ Համերգն, իրոք, բացառիկ էր և ծառայեց իր նպատակին: Մշակույթը հզոր ուժ է, ու նրա միջոցով շատ բան կարող ես ասել աշխարհին: Մենք փորձեցինք այդ հզոր ուժով խոսել աշխարհի հետ՝ ներկայացնելով թե՛ մեր վիշտը, թե՛ մեր վերածնունդը, թե՛ պահանջատիրությունը՝, միաժամանակ հանդես գալով այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող պատերազմների դեմ։

Հաջողութան հասնելու համար երկու սկզբունք է անհրաժեշտ որդեգրել

Հաջողված ծրագիր ունենալու համար երկու գաղտնիք կնշեմ՝ ազնվություն աշխատանքում և մարդկային փոխհարաբերություններում ու ուժերի ներածին չափով նվիրում գաղափարին ու կատարած աշխատանքին։ Մնացած գաղտնիքները, կարծում եմ, ածանցյալ են՝ այս երկու կարևոր սկզբունքներին։

Որպեսզի մարդիկ հետաքրքրվեն քո գործունեությամբ, պարզապես, պետք է սիրել գործը։ Եթե սիրով ես այն անում, սիրում ես նաև մարդկանց, ում համար աշխատում ես, այդ ամենը փոխադարձ է. նույն սերը, էմոցիաները բազմապատիկ վերադառնում են քեզ։ Մարդիկ շատ լավ զգում են այն, ինչ արվում է անկեղծ, նվիրումով։ Մենք փորձում ենք նաև մատուցել հետաքրքիր գաղափարներ։ 21-րդ դարում մարդիկ նոր, ինքնատիպ ծրագրեր են ցանկանում տեսնել, ու մենք փորձում ենք լինել նաև հետաքրքիր։

Բոլորս նվազագույն գումարով փորձում ենք ստանալ լավագույն արդյունք

Հայաստանում մշակութային և ստեղծագործական կյանքի զարգացման համար բավականին բան է արվում։ Գործում են պետական նվագախմբեր, թատրոններ, տարբեր կոլեկտիվներ։ Երևանյան մշակութային կյանքը բավականին հագեցած է. երաժշտական, թատերական, գրական փառատոներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և այլն։ Մշակութային իրադարձությունների (ընդ որում՝ որակյալ) պակաս մեզանում չկա։ Սակայն այս ամենը մեծ մասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում։ Չնայած մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու քայլեր արվում են, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այդ քաղաքականությունը պետք է էլ ավելի ակտիվացվի։ Ի դեպ, միայն 2015թ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 7 համերգ է ունեցել մարզերում։ Եվս մեկ բան, որ կուզենայի ընդգծել. գումարների պակասը։ Հայաստանում բոլորս նվազագույն գումարով փորձում ենք ստանալ լավագույն արդյունք։ Կան, իհարկե, բարեգործներ, մեկենասներ, մարդիկ, ովքեր հասկանում են մշակույթի անհրաժեշտությունը սերունդների դաստիարակման հարցում, կարևորում են մեր մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն ու աշխարհին ներկայացնելը և պետության հետ միասին իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերում արվեստին։ Ցանկալի կլիներ, որպեսզի այդ մարդիկ ու կազմակերպությունները շատ լինեին։

Մշակույթի լեզուն հասկանալի է բոլորին՝ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում

Համագործակցությունը, միջմշակութային կապերը միշտ ավելի են հարստացնում, նրբերանգներ հաղորդում քո գործին։ Մշակույթը իրոք սահմաններ չի ճանաչում. մշակույթի լեզուն հասկանալի է բոլորին՝ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում։ Երիտասարդական նվագախումբն իր գործունեության 10 տարիների ընթացքում հանդես է եկել ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան երկրներում։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում ես տարբեր նվագախմբեր եմ ղեկավարել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր։ Ինձ և նվագախմբի համար թանկ ու կարևոր է ցանկացած համագործակցություն։ 

---

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նա նվագախումբը հիմնել է 2005թ-ին, երբ դեռ 18 տարեկան էր: Մեկ տարի անց այն դառնում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբը, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստանում է «պետական կարգավիճակ» բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար: Երիտասարդները ելույթ են ունեցել մի շարք հեղինակավոր դահլիճներում` Բեռլինի Konzerthaus, Փարիզի Opera Garnier, Բրյուսելի Palais des Beaux-Arts և Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահ և այլն:

Սերգեյ Սմբատյանի` որպես դիրիժոր լոնդոնյան դեբյուտը տեղի է ունեցել Ֆիլհարմոնիկ նվագախմբի (Լոնդոն) հետ 2010թ-ի գարնանը Վինձորյան դղյակում` Ն.Գ. Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում: 2011թ-ին նա կրկին ղեկավարել է նույն նվագախումբը: Նույն թվականին Ս.Սմբատյանը ընտրվել է` մասնակցելու LSO Discovery ծրագրի շրջանակներում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի` տաղանդավոր երիտասարդ դիրիժորների վարպետության դասերին:

Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համահիմնադիրը: Նա նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերում` ելույթներ ունենալով ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում:

2009թ-ին նա հիմնել է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը, որը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում: 

2009թ-ին Ս. Սմբատյանը ստացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի արվեստագիտության գիտությունների թեկնածուի կոչում: 2012թ-ի մայիսին ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան:

Other interesting stories: