
Բացվեց պատուհան՝ հանուն մշակույթի
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այս ծրագիրը համարում է մի նոր պատուհան, որը բացվելով՝ մոտեցնում է մշակույթները։ Դեսպանը չի կասկածում ծրագրի հաջողությանը։ «Հայերը սիրում են գրականություն, թատրոն, երաժշտություն: Հայաստանը բարձր մշակութային երկիր է, ամենօրյա կապը մշակույթի հետ այստեղ խորն է: Այնպես որ՝ այս ծրագիրը շատ կարեւոր է Հայաստանի համար», - ասում է նա։
Այն իրականացվելու է Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ադրբեջանում: Թեեւ ծրագիրը տարածաշրջանային է, բայց հաշվի են առնվելու տեղային առանձնահատկությունները։
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատահական չի համարում ծրագրի անվանումը. ցանկացած մշակույթ առաջին հերթին ստեղծագործություն է, եւ այս առումով Հայաստանը մեծ ներուժ ունի։ «Հայն ինքն իրենով ստեղծագործ ժողովուրդ է։ Բացի այդ, Հայաստանը ստեղծագործական գործընթացներով ակտիվորեն ընդգրկված է եղել եվրոպական դաշտում»,- ընդգծում է նախարարը։ Ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի գլխավորած կոնսորցիումը՝ Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը վստահ է՝ ծրագիրն իրատեսական արդյունքներ է գրանցելու, եւ այդ կարձանագրվի շատ արագ։
«Մենք ունենք հարուստ մշակույթ, եւ ես հույս ունեմ,որ կկարողանանք այս նոր մոդելների ներդրմամբ մեր մշակույթն ավելի զարգացնել, ավելի հասանելի եւ մատչելի դարձնել նաեւ Եվրոպայի համար, ինչպես նաեւ կկարողականք եվրոպական հետաքրքիր, նորարարական մոտեցումները եւ գաղափարները բերել Հայաստան»,- ասաց նա։ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկին անմիջապես հետեւեց գործնական փուլը։ Մշակույթի բնագավառի ներկայացուցիչները, տարբեր խմբերում քննարկումներ անցկացնելով, որոշեցին, թե ինչը կարող է նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը ու շահութաբերությանը։ Մշակույթի և ստեղծարարության ոլորտներն ապահովում են Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 7%-ը` տարեկան 10% կանխատեսվող աճով։ Իսկ Հայաստանում այդ ոլորտները դեռ կայանալու ճանապարհին են:
«Ամենակարեւորը կրթական մակարդակի բարձրացումն է՝ մանկապարտեզից մինչեւ ԲՈՒՀ: Մենք պետք է երիտասարդ սերնդին բերենք երաժշտական դահլիճներ»,-ասում է «Կադանս» կենտրոնի ներկայացուցիչ Նիկա Բաբայանը։
Համադրող Վիգեն Գասպարյանը կարեւորում է պետության դերը. «Պետական հատվածն այնպես պետք է անի, որ մասնավոր հատվածը ցանկանա ներգրավվել մշակութային ծրագրերում»:
«Միհր» պարային պլաստիկ թատրոնի դերասանուհի Շողակաթ Մլքե-Գալստյանը առավել կարեւորում է երիտասարդներին մասնագիտական աջակցությունը։ «Անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական լաբորատորիաներ, որպեսզի երիտասարդները փորձառություն ձեռք բերեն»,- ասաց նա։
Եվրոպական երկրներում այս ոլորտներում աշխատողների մեծ մասը հենց երիտասարդներն են։
Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր` համախմբելով տարբեր ոլորտի ներկայացուցիչներին։