Հովսեփ Խուրշուդյան: Հայաստանյան հասարակությունում մշակույթի ընկալումը աղավաղված է

«Արաքս հրատարակչություն» ընկերության տնօրեն և ԵՄ`Արևելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը խոսում է ժամանակակից պետականաշինության մեջ մշակույթի ներդաշնակեցնող դերի և մշակութային ռազմավարությունների մշակման ձևերի մասին, ինչպես նաև նշում է մշակութային ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձությունները:

Իմ կարծիքով մշակույթը, նախևառաջ, մարդու հոգեւոր բաղադրության, մակարդակի արտացոլանքն է: Այն ներառում է իր մեջ մարդու եւ հասարակության գիտակցության ձեւերը` հիմնված անհատի հոգեւոր փորձի եւ վերապրումների վրա: Եվ միայն հետո գիտակցության այդ ձեւերը արտացոլվում են տարբեր տեսքով` ճարտարապետությունից մինչեւ տեքստեր, երաժշտությունից մինչեւ քաղաքավարություն ու քաղաքականություն: Ժողովուրդների մշակույթի մակարդակը երեւում է այն բանից, թե ինչպես են նրանք պատասխանում «ի՞նչ», «ինչպե՞ս» եւ «ինչի՞ համար» հարցերին:

Հայաստանյան հասարակությունում մշակույթի ընկալումը, ցավոք, աղավաղված է: Այն ընկալվում է, նախևառաջ, որպես նախկինում կուտակած նյութական արժեքների ամբողջություն: Այդ է պատճառը նաեւ, որ մարդկանց մեծ մասը, եթե նրանց հարց տրվի, թե որն է հայկական մշակույթը` կցուցանեն ճարտարապետությունը, ազգային երաժշտությունը, պարերը, տարազը եւ Հայ առաքելական եկեղեցին: Մինչդեռ մշակույթը մի բան է, որը եթե չի զարգանում` դառնում է հակամշակույթ: Մշակույթը մարդկային ազատ մտքի կողմից արժեքների անընդհատ վերարժեվորումն է, այդ մտքի ազատ ճախրանքը, որը եւ միայն կարող է ապահովել հասարակությունների եւ ժողովուրդների հոգեւոր զարգացումը եւ ներդաշնակ ու արժանապատիվ կյանքը:

Եթե վերցնենք հասարակական եւ պետական կյանքի դիտանկյունը, ապա ցանկացած պետություն կառուցված է երկու հիմնասյուների վրա. քաղաքականություն եւ տնտեսություն: Մշակույթը այս երկուսի հավասարակշռողն է ու ներդաշնակեցնողը, քանի որ միայն այդ դեպքում ժամանակակից պետությունը կարող է արդյունավետ լինել եւ լիարժեքորեն կատարել իր գործառույթները: Այն երկրները, որոնցում քաղաքականությունը գերակշռում է տնտեսության հանդեպ, գլորվում են դեպի ամբողջատիրություն: Նման երկրի տիպիկ օրինակ էր Սովետական Միությունը` լենինյան-ստալինյան շրջանում, իսկ այժմ այդ դասին են պատկանում գրեթե բոլոր կղերապետությունները: Այն երկրները, որտեղ տնտեսությունն է գերակշռում քաղաքականության հանդեպ, վերածվում են օլիգոպոլիաների: Այսինքն` նման երկրներում մշակույթը այնքան թերզարգացած է, որ չի կարողանում կատարել հավասարակշռման իր գործառույթը: Եվ հակառակը` հենց այդպիսի երկրներում մշակութային զարգացման ցանկացած խողովակ փակվում է, խեղդվում: Այդպիսին է այսօրվա Հայաստանը: Այսպիսով, այսօրվա Հայաստանի պետության եւ հայ հասարակության բոլոր արատները ունեն մշակութային հիմքեր: Պատահական չէ, որ մշակույթի ֆինանսավորումը մեր պես երկրներում իրականացվում է մնացորդային սկզբունքով: Վերջերս Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ֆինանսավորմամբ իրականացված «Արեւելյան գործընկերության մշակութային կոդ» հետազոտությունը ցույց է տալիս, որ նույն պատկերն է նաեւ Արևելյան գործընկերության երկրներից նաեւ Ուկրաինայում եւ Մոլդովայում: Իսկ Բելառուսում գերակշռող քաղաքական բաղադրիչը խախտում է մշակույթի զարգացումը հակառակ կողմից: Ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտները, որոնք կարգավորում են մարդկանց կյանքը, այդ թվում տնտեսական եւ քաղաքական ոլորտներում մշակույթի արգասիքներ են: Ու առանց մշակութային հուժկու ճեղքման ես այլեւս չեմ պատկերացնում, թե ինչպես մենք կարող ենք դուրս գալ այն խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից, որի մեջ օրըստօրե մխրճվում ենք իշխող բարքերի եւ դրանց կրող եւ դրանց արտացոլանքն ու գագաթնակետը հանդիսացող իշխող կլանների ձեռամբ:

Որպեսզի ստեղծվեն բարենպաստ պայմաններ մշակութային ու ստեղծագործական ոլորտների զարգացման համար՝ անհրաժեշտ է հրատապ մշակել մշակույթի զարգացման ռազմավարությունը: Դա պետք է անեն լավագույն մասնագետները` մշակութաբաններ, փիլիսոփաներ, սոցիոլոգներ, քաղաքագետներ: Այլապես կունենանք հերթական ձախողում, ձեւական ուսումնասիրություններ, թերի մշակումներ: Ցավոք, Հայաստանում նման մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել: Սակայն նրանք կան եւ նրանց մոտ պետք է գնալ եւ խնդրել ստանձնել այս կարեւորագույն գործը: Բայց նույնիսկ այս դեպքում` նրանց աշխատանքի ամեն փուլում պետք է ապահովվել մշտական եւ բարձրորակ քննարկումներ-մտագրոհներ` մասնագետների եւ շահագրգիռ կողմերի էլ ավելի լայն շրջանակի ներգրավմամբ: Ռազմավարությունը պետք է հղկվի բոլոր փուլերում եւ այդ գործընթացը պետք է լինի գերթափանցիկ: Ինքը գործընթացը արդեն պետք է լինի մշակութային ազդակների եւ ուղերձների մի ալիք դեպի հասարակություն: Պետք է ծնի եւ զարգացնի դիսկուրս: Եվ դրա ավարտից հետո կարելի կլինի նախագծել եւ հաստատել այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է իրականացվեն եւ որոնք կբերեն ոչ թե սեգմենտար, լոկալ, երբեմն էլ մարգինալ մշակութային օղակների աշխուժացմանը, ինչին որ մինչ այժմ բերել են զանազան արեւմտյան մշակութային դրամաշնորհները, այլ պետք է ունենան առավելագույն զանգվածային ազդեցություն, ուստի եւ բարձր արդյունավետություն:

Կոնկրետ Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացրած նախագծերից կարող եմ նշել Շառլ Ազնավուրի պարբերաբար այցելությունները Հայաստան եւ համերգները, որոնց շնորհիվ նաեւ խողովակ/հետաքրքրություն է ստեղծվել Հայաստանի հասարակության լայն զանգվածների շրջանում դեպի իր քաղաքացիական գործունեությունը եւ համակրանք` իր հումանիստական-մշակութային կեցվածքի եւ դիրքորոշումների հանդեպ:

Մյուսը այս տարվա ապրիլին Հայաստանում SOAD (System of a Down) խմբի բացօթյա համերգները Երեւանի հանրապետության հրապարակում, որոնք եւս խողովակ/հետաքրքրություն են ստեղծել Հայաստանի հասարակության լայն զանգվածների շրջանում դեպի Սերժ Թանկյանի քաղաքացիական գործունեությունը եւ համակրանք` իր հումանիստական-մշակութային կեցվածքի հանդեպ:

Եվս մեկ ազդեցիկ նախագիծ էր Քիմ Քարդաշյանի ապրիլյան այցելությունը Հայաստան ու Քանյե Ուեստի համերգը Երեւանի Կարապի լճում: 

Վերջապես, հաջողված նախագիծ պետք է համարել «Ոսկե Ծիրան» ամենամյա կինոփառատոնը, թեեւ այն դեռ մնում է չմասսայականացված` «էլիտար» շրջանակներում:

---

Հովսեփ Խուրշուդյանը «Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահն է, 2004թ-ից նաև Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ խմբի համակարգող և Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ։ Վերջերս նա ընտրվել է նաեւ ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեի 

անդամ: Նա նաև «Արաքս հրատարակչություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենն է: Հովսեփ Խուրշուդյանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ է և Փորձագետների դպրոցի դասախոս:

Other interesting stories: