Նորայր Երզնկյան. «Մշակույթը դարձել է բողոքի, հասարակական փոփոխությունների, ինչպես նաեվ գեղեցիկի արտահայտման միջոց»:
Նորայր Երզնկյանը որպես ծրագրերի համակարգող Բրիտանական խորհրդի թիմին է միացել 2012 թվականին: 2014 թվականից նա համակարգել է Եվրոպական Միության կողմից ֆինասավորվող «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն էր ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը և կարողությունները, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները որոշումներ ընդունելիս հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները և հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին ներգրավեն որոշումների կայացման գործընթացում:
2014 թվականից Նորայր Երզնկյանը հանդիսանում է նաև հավասարության, բազմազանության և ներառման հարցերով ազգային համակարգող: Նրա թիմի աշխատանքի շնորհիվ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2015 թվականին արժանացավ «Բազմազանություն» մրցանակին Բրիտանական խորհրդի` բազմազանությանը նվիրված միջազգային մրցանակաբաշխության ընթացքում:
Այս տարի Հայաստանում նախատեսված ծրագրային միջոցառումների մասին
2016 թվականը ծրագրի համար հագեցած և հետաքրքրական տարի է լինելու: Արդեն իսկ մենք հասցրել ենք կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք մեր շահառուների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել:
Ապրիլին Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի հետ մենք կազմակերպեցինք ճանաչողական այց Լեհաստան: Մշակութային ուղղվածություն ունեցող երկու կազմակերպություն այցելեցին մի շարք քաղաքներ և քննարկեցին համագործակցության հնարավորությունները:
Մայիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային վիճակագրության ցուցանիշների ուսումնասիրության միջոցառումներ ենք ունենալու, կլինեն նաև մի քանի ուսուցողական միջոցառումներ մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների համար, այդ թվում՝ մշակութային առաջնորդության վերաբերյալ սեմինար, ծրագրային ցիկլի կառավարման թեմայով վերապատրաստում, «Ստեղծարար Եվրոպա» աշխատանքային հանդիպում։ Սա միայն մեր աշխատանքի սկիզբն է, և տարվա ընթացքում բազմաթիվ այլ հետաքրքիր նախաձեռնություններ կյանքի կկոչվեն Հայաստանի մշակույթի և արվեստի բնագավառում:
Մշակույթի դերը հասարակության մեջ
21-րդ դարում մշակույթի դերն այլևս անհնար է հասարակություն բնորոշել մեկ նախադասությամբ: Այն բազմազան է, բազմաբնույթ և ընդգրկուն: Այն հասանելի է բոլորին, և մեր օրերում յուրաքանչյուր ոք կարող է ստեղծագործել և ստեղծել իր արվեստը: Մշակույթը դարձել է բողոքի, հասարակական փոփոխությունների, ինչպես նաև գեղեցիկի արտահայտման միջոց:
Այս համատեսքտում ծրագրի դերն ու կարևորությունն առավել քան էական է: Համոզված եմ, որ մշակութային և ստեղծարար ոլորտների աջակցությունն իր հետ կբերի տնտեսական ցուցանիշների կայուն աճ: Ես կարծում եմ, որ գլոբալացվող աշխարհում ամեն ինչ պետք է ընթանա փոխըմբռնման և փոխճանաչման ճանապարհով, և մշակույթը կարող է դառնալ այն միջոցը, որը կմիավորի հասարակություններին:
Միաժամանակ մենք նկատում ենք հետաքրքրության աճ ազգային մշակույթի հանդեպ բոլոր երկրներում: Կարևոր է, որ ստեղծագործողներն իրենց արվեստում ներգրավում են ազգային մշակույթի տարրեր և միաժամանակ հետևում համաշխարհային միտումներին՝ այսպիսով ստեղծելով իրենց ուրույն դեմքը:
Հինգ կարևորագույն մշակութային իրադարձությունները Հայաստանում
Հայաստանում մշակութային կյանքը հագեցած է և բազմազան: Սակայն իրենց ծավալով և միջազգային ճանաչմամբ կառանձնացնեի, թերևս, այս հինգը՝
-
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն
-
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն
-
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն
-
«Գրական տապան» միջազգային փառատոն
-
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ