content
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
Բացի ջատագովության նպատակները հստակեցնելուց, կարևոր է հենց սկզբից ուշադրությունը կենտրոնացնել ձեր նախընտրած վերջնարդյունքների վրա: Դա հարկավոր է անել հետևյալ պատճառներով.
  • Վերջնարդյունքները նվազեցնում են գործողությունների վրա չափից դուրս շատ կենտրոնացած լինելու ռիսկը: Չպետք է թողնել, որ մեր նպատակները վերածվեն պարզապես առաջադրանքների ցուցակի: Սա կարող է ստիպել, որ ուղղակի ստուգենք արդյոք կատարել ենք այն ամենը, ինչ խոսք ենք տվել և ուրիշ ոչինչ:

  • Երբ կենտրոնանում եք վերջնարդյունքների վրա, ձեր ուշադրությունը նախ և առաջ սևեռվում է գործողությունների ազդեցության, այլ ոչ թե գործողությունների վրա:

Այս կապակցությամբ օգտակար կլինի համեմատել իրական վերջնարդյունքները ակնկալվող արդյունքների հետ, քանի որ միշտ չէ, որ կարող ենք կանխատեսել փոփոխությունները: Քանի որ լայնածավալ փոփոխությունը հազվադեպ ունի անմիջական բնույթ և դժվար է իրականացնել, անհրաժեշտ է գնահատել կարևոր կարճաժամկետ ձեռքբերումները:

Ստորև ներկայացվածը կարող է վերջնարդյունք համարվել.

  • Քաղաքական ձեռքբերումներ. մասնավորապես` օրենսդրական փոփոխություններ, սահմանակարգային բարեփոխումներ:

  • Կատարում. ինչ չափով են նշված ծրագրերը իրականանում, ինչպիսի փոփոխությունների են հանգեցնում, և որն է այդ փոփոխության ազդեցությունը մարդկանց և համայնքների վրա:

  • Քաղաքական և ժողովրդավարական նվաճումներ. քաղաքացիական խմբերի, որպես օրենսդրության մասնակիցների, համբավը աստիճանաբար աճում է միջազգային ասպարեզում, և նրանց տրամադրվում են կառավարություն կամ այլ հաստատություններ մուտք գործելու հնարավորություններ:

  • Քաղաքացիական հասարակության ձեռքբերումներ. քաղաքացիական խմբերի միջև համագործակցության բարելավում:

  • Գործընկերության նվաճումներ. ջատագովությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային կամ միջազգային ցանցերի ձևավորմանը, որոնք կարող են արդյունավետ աշխատել միջազգային հաստատությունների հետ:

  • Կազմակերպության ձեռքբերումներ. վարկանիշի բարձրացում, հարգանք կազմակերպության հանդեպ, քանի որ այն ներկայացնում է տեղեկատվության վստահելի աղբյուր, ֆինանսավորման աճ և այլն:

Այժմ, երբ արդեն ծանոթ ենք ջատագովության արշավի մշակման, իրականացման և գնահատման փուլերին, ինչպես նաև գործիքակազմին, եկեք ամփոփենք մեր սովորածը և փորձենք ներկայացնել ջատագովության արշավի ավարտուն քարտեզը: Դիցուք` ունենք երկու տարի տևողությամբ ջատագովության արշավ, որի նպատակն է զարգացնել և որդեգրել արվեստի կրթության պետական մակարդակ հանրակրթական տարրական և միջնակարգ դպրոցներում:

Նախագծի առաջին վեց ամսվա ընթացքում տեղի կունենա խնդրի գնահատում:

Խորքային պատճառների վերլուծության և տեսլականի ձևավորման միջոցով, որոնք կհանգեցնեն ջատագովության նպատակների և ձգտումների հստակեցմանը: Հենց այս նպատակների հիման վրա էլ կարելի է կառուցել նախատեսվող գործողությունների պլանը և ձևավորել անհրաժեշտ միավորումները:

Տարվա երկրորդ կեսը կնվիրվի որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի հետ երկխոսությանը, նրանց հետ սերտ հարաբերություններ կառուցելուն` լրատվամիջոցների, ինչպես նաև թիրախային խմբերի համար նախատեսված տարաբնույթ աշխատաժողովների և միջոցառումների միջոցով: Հիմնահարցը կարող է ընդգրկվել հանրային օրակարգում` հետագա բանավեճի համար, որին կհաջորդեն հանրության հետ հաղորդակցությունը և արշավի կազմակերպումը` խնդրի վրա հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այնուհետև կհասունանա գլխավոր որոշում կայացնողների և գործիչների վրա ազդեցություն գործելու ժամանակը: Հիշեք, որ լոբբինգը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ խնդիրն արդեն դարձել է հանրային բանավեճի առարկա: Այս դեպքում որոշումներ կայացնող անձիք ավելի շատ ուշադրություն կդարձնեն դրան:

13-րդ և 18-րդ ամիսների ընթացքում ընկած ժամանակահատվածում կշարունակվի օրենսդիր մարմինների անդամների վրա գործադրվող ազդեցությունը` շահագրգիր կողմերի քննարկումների միջոցով, որոնց ընթացքում որոշում կայացնողները կգիտակցեն մեր առաքելության կարևորությունը: Հաջորդ քայլը կենթադրի համապատասխան նախագիծը կրթության նախարարություն ներկայացնելը:

19-րդ և 24-րդ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ակնկալվում է, որ նոր նախագիծը հավանության կարժանանա նախարարության կողմից, կհաստատվի և ուժի մեջ կմտնի, որպեսզի փոփոխություն կատարի մարդկանց կյանքում:

Սրանով ամփոփում ենք ջատագովության մեր դասընթացը: Հուսով եմ, որ այն օգնեց Ձեզ հասկանալ նոր համադրույթներ, ձեռք բերել նոր հմտություններ և մտապահել օգտակար խորհուրդներ: Դեռ ավելին, հուսով եմ, որ սույն դասընթացը բացահայտեց ձեզ համար նաև ջատագովության խթանիչ ուժը: Ամփոփելով` հիշենք դասընթացից քաղած կարևոր դասերը: Առաջին` ջատագովության նպատակը ոչ միայն հանրային քաղաքականության վրա ազդելն է, այլև` հանրային կարծիք ձևավորելը: Երկրորդ մեր ունեցած խնդիրը անհրաժեշտ է ենթարկել վերլուծության` մեր փորձի, հնարավորության և փորձառության տեսանկյունից:

Այլ կերպ ասած`պիտի համոզված լինենք, որ մեր առջև ծառացած խնդիրը հնարավոր է լուծել համախմբված միջոցների և ուժերի միջոցով և պետք է հասկանանք, թե ովքեր են այն մասնակիցները, ովքեր կարող են ազդեցություն ունենալ նախաձեռնության վրա, և ովքեր ունեն խնդրին ճիշտ լուծում տալու հնարավորություն: Այս ամենին կարելի է հասնել քարտեզի արտապատկերման օգնությամբ: Վերջապես, կարևոր է ուշադիր ընտրել ջատագովության եղանակներն ու գործիքները` ուղերձները համառոտ և բովանդակալից, ինչպես նաև հանդիսատեսին մատչելի լեզվով մատուցելու նպատակով:

Ջատագովության վերաբերյալ շատ դասընթացներ կան, որոնք դիտարկում են այս զորեղ գործիքն ավելի մանրամասն և ես ձեզ խորհուրդ կտայի ընթերցել, սովորել և անընդհատ զարգացնել ջատագովության ձեր հմտությունները` լավագույն արդյունքների հասնելու համար:

Շնորհակալություն դասընթացին մասնակցելու համար:

Կիսվել ընկերների հետ