content
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
Քաղաքներում ստեղծարար մտքի դրսևորումներ կարող են լինել փողոցի արվեստը, նորարար հեծանվային կանգառների ստեղծումը, փառատոնները կամ մոռացված գործարանները ստեղծարար հարթակների վերածելը:

1980-ականների վերջին ուրբանիստ Չարլզ Լենդրին առաջ քաշեց և սահմանեց ստեղծագործ քաղաք հասկացությունը իր համանուն գրքում: Լենդրիի համոզմամբ հենց քաղաքների ստեղծագործ բնույթն է թույլ տալիս, որ նրանք արձագանքեն փոփոխություններին, ձևափոխեն իրենց ավանդական մոտեցումը պաշարների բաշխման ու կառավարման նկատմամբ, կիրառեն տեխնոլոգիական նորամուծություններ և բացահայտեն իրենց մշակութային ժառանգությունը:

Նշանակալի է հանրային տարածքների դերը քաղաքում ստեղծագործ մտքի զարգացման մեջ: Այս տարածքները հասանելի են բոլոր մարդկանց համար, հետևաբար ենթադրվում է, որ բնակիչները կարող են իրենց ժամանակն այստեղ հարմարավետ անցկացնել, մտքեր փոխանակել, հաղորդակցվել այլ բնակիչների հետ և ճանաչել քաղաքը:

Լավագույն տարածքները նրանք են, որտեղ հնարավոր է ծանոթանալ և հաղորդակցվել նոր մարդկանց հետ, որտեղ գնալը դյուրին է և հեշտ է կողմնորոշվելը: Դրա հետ մեկտեղ Ձեզ կարող է համակել այն զգացողությունը, որ դուք հանդիսանում ենք անսահմանափակ մի աշխարհի անքակտելի մասնիկը: Նման տարածքները ներշնչանքի աղբյուր են, որտեղ մշակույթը ապրում և շնչում է:

Միանշանակ լավագույն քաղաքն այն է, որտեղ այս բոլոր առանձնահատկությունները ներդաշնակ են:

Ստորև ներկայացված են այն քաղաքներից մի քանիսը, որոնք հանրության մասնակցությամբ ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել համայնքի ձևավորմանն ու զարգացմանը: Սեղմեք քաղաքի վրա, որպեսզի տեսնեք տեքստը:

Տալին

Այսօր շնորհիվ այն համալսարանների և զարգացման կենտրոնների որոնք կրթում են հիմնական ոլորտներում ներգրավված նկարիչներին և գրաֆիկական դիզայնի մասնագետներին, Տալինում են տեղակայված Էստոնիայի հիմնական ստեղծարար ընկերությունները: Այստեղ են նաև տեղի ունենում Տալինի երաժշտական շաբաթը` երաժշտության ոլորտին առնչվող ամենամյա գիտաժողովը և տարածաշրջանում ծածկի տակ անցկացվող ամենամեծ փառատոնը, որը միավորում է ամենատարբեր երաժշտական ժանրերը` դասական երաժշտությունից մինչև հիփ-հոփ:

Ռոտերդամ

Ռոտերդամի բնակչության կեսը մինչև 35 տարեկան երիտասարդներն են, և քաղաքի ինքնատիպությունը դրսևորվում է այնպիս մշակութային միջոցառումներով, ինչպիսին է Wake up in Art /Արթնացիր արվեստի մեջ/ փառատոնը, որի շրջանակներում մասնակիցները կարող են գիշերել տեղի արվեստագետների կողմից ստեղծված հատուկ ստեղծագործ շինություններում:

Ամստերդամ

Նեղ փողոցներում սովորական դարձած ճանապարհային վթարները և բենզինի թանկացումը 1970-ական թվականներին Նիդեռլանդներում խթանեցին հեծանիվների գործածությունը: Հեծանիվների առաջխաղացման արշավի շրջանակներում ստեղծվեցին փորձարար հեծանվային ուղիներ Աառուս, Օդենս և Հեռնիգ քաղաքներում, իսկ ողջ երկրում մեկնարկած լայնածավալ ծրագրի շնորհիվ Ամստերդամն այսօր Եվրոպայի հեծանվային մայրաքաղաքն է: Քաղաքում երթևեկում է շուրջ 800 000 հեծանիվ, իսկ բնակիչների 60 տոկոսը նախընտրում է հեծանիվը որպես ամենօրյա երթևեկության միջոց:

Բեռլին

Քաղաքի Քրոյցբերգ արվարձանը հայտնի է սոցիալիստական ժառանգության հանդեպ իր ունեցած ստեղծագործ մոտեցմամբ: Այստեղ կգտնեք Արևելյան կողմի բացօթյա պատկերասրահը` տեղ-տեղ դեռ կանգուն բեռլինյան պատի վրա պատկերված արվեստի գործերով: Պատի անկումից հետո քաղաքի արևելյան հատվածում տեղակայված բազում լքված շինություններ դարձան ներշնչանքի աղբյուր ստեղծագործ երիտասարդության համար` նրանց կողմից վերածվելով այլընտրանքային արվեստի և զվարճանքի վայրերի: Այսպես, օրինակ, քաղաքի ամենահին հարևանություններից մեկում տեղակայված Սուրբ Բեթընիի անվան հիվանդանոցը վերածվել է Բեթանյան արվեստի կենտրոնի` իր պատկերասրահներով, ցուցահանդեսներով և երաժշտական դպրոցով:

Կիսվել ընկերների հետ