content
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
Բարեվ ձեզ, հարգելի ընկերներ, եվ բարի գալուստ հաղորդակցության մեր դասընթաց։ Եկեք միասին ուսումնասիրենք հաղորդակցության հիմնական տարրերը, որպեսզի ճիշտ մշակենք մեր վարքագիծն այն միջավայրի հետ աշխատելիս, որին փորձում ենք մատուցել հաղորդագրությունը։

Մենք կսկսենք ոչ թե տառերից, այլ մեր այբբենարանի կարևորությունից։ Առաջին հերթին, պետք է հասկանալ, որ հաղորդակցությունը հավելյալ գործունեություն չէ և չպետք է կառուցվի մնացորդային սկզբունքով։ Այն մեր ռազմավարական աշխատանքների մի մասն է։ Մեր առօրյա աշխատանքում, մենք՝ որպես կառավարիչներ, ստանում ենք միլիոնավոր զանազան հանձնարարություններ՝ կազմակերպել աշխատանքային հանդիպումներ կամ համաժողովներ, բեմադրել թատերական ներկայացումներ կամ կազմակերպել ցուցահանդեսներ։ Այս բոլոր աշխատանքները մեզանից ժամանակ և էներգիա են խլում։ Արդյունքում այլևս ուժ չի մնում խոսելու մեր ներկայացման կամ ցուցահանդեսի, այցելուների կամ փորձագետների տպավորությունների մասին։ Այդուհանդերձ, մենք պետք է մտածենք նրա մասին, թե ինչպես և ում հետ պետք է ի սկզբանե խոսենք։

Հաղորդակցությունը շատ նման է մարքեթինգին։ Օրինակ՝ մարքեթինգի բաժնի ղեկավարները ոչ միայն որոշում են յոգուրտի գովազդի և վաճառքի լավագույն ուղիները, այլ նաև լուծում են ռազմավարական խնդիրներ։ Նրանք որոշում են, թե ինչ յոգուրտ արտադրեն, և արդյոք ընդհանրապես անհրաժեշտ է յոգուրտ արտադրել, թե ոչ։ Այսպիսով, այսուհետ եկեք դիտարկենք հաղորդակցությունը որպես շատ կարևոր և ռազմավարական գործընթաց, որը գտնվում է ցանկացած գործողության հիմքում։

Այսպիսով, ի՞նչ է հաղորդակցությունը։ Գոյություն ունեն հաղորդակցության տարբեր տեսակներ: Եկեք անդրադառնանք այդ տեսակների միջև առկա հիմնական տարբերություններին։ Առաջինը ներքին հաղորդակցությունն է, որը վերաբերում է այն ուղերձներին, որոնք մշակվում և տարածվում են մի խումբ մարդկանց կամ կազմակերպությունների ներսում։ Սա առանձին դասընթացի թեմա է, որն անվանում են կորպորատիվ հաղորդակցություն։ Մենք զբաղվելու ենք արտաքին հաղորդակցությամբ, որն ունի մի քանի սահմանում։ Ես առաջարկում եմ դիտարկել հետևյալ տարբերակը. «Արտաքին հաղորդակցությունը տեղեկատվություն առաջարկելու միջոցառումների համակարգ է, որի նպատակն է ազդել թիրախային լսարանի գիտակցության, ընկալման, ակնկալիքների և վարքագծի վրա՝ համաձայն կազմակերպության կամ նախագծի առաքելության և նպատակների»։ Այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել և հիշել, որ հաղորդակցության վերջնական նպատակն է ազդել թիրախային լսարանի վարքագծի վրա։ Սա է հիմնական տարբերությունը հաղորդակցության և ուղղակի խոսելու կամ զրուցելու միջև։

Չափազանց կարևոր է համոզել նրանց, ում դիմում ենք, գործել որոշակի ձևով։ Սա է մեր վերջնական նպատակը, և մինչ դրան հասնելը մենք պետք է ազդենք մեր ունկնդիրների գիտակցության, ընկալման և ակնկալիքների վրա։ Այսինքն՝ առաջին փուլում մենք փոխում ենք աշխարհն ընկալելու և իրադարձություններին արձագանքելու մարդկանց մոտեցումները (այսպես կոչված՝ մտածելակերպը), ապա անցնում գործողության գործնական իրականացմանը։

Առավել վառ օրինակ է նախընտրական քարոզարշավը։ Նախ՝ թեկնածուի, օրինակ՝ նախագահի թեկնածուի աշխատակազմը ստեղծում է այդ անձի որոշակի կերպար, որպեսզի ընտրողներն ունենան վերջինիս վերաբերյալ դրական ընկալում։ Նրանք չեն հեռանա՝ լսելով տվյալ թեկնածուի մասին կամ նրա ելույթները։ Ընտրողներն արձագանքում են նրա խոսքին. այդ կերպարը նաև զգայական առումով պետք է ազդեցիկ լինի: Այսպիսով, աշխատակազմն ապահովում է դրական վերաբերմունք։ Սա թեկնածուի հետագա քայլերի հաջողության առաջին երաշխիքը կլինի:Այս ամենը արվում է ոչ թե այն պատճառով, որ պարզապես արժանանան ինչ-որ մեկի վստահությանը կամ հավանությանը, այլ զուտ գործնական նպատակով։ Վերաբերմունքի ձևավորման վերջնական նպատակն այն է, որ պահանջված ժամանակում և պահանջված վայրում մարդիկ իրականացնեն որոշակի գործողություն. գնան ընտրատեղամասեր և քվեարկեն տվյալ թեկնածուի օգտին։

Առայժմ, կարևոր է հիշել հետևյալը՝

• Հաղորդակցությունը ձեր հիմնական գործունեությունը լրացնող գործոն չէ։ Ո՛չ, հաղորդակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող գործունեություն է, որը շատ նման է իրական մարքեթինգին։

• Հաղորդակցությունը ձևավորում է մտածելակերպ (ընկալում, գիտակցություն, վերաբերմունք, ակնկալիքներ և արձագանք) և նպատակ ունի ազդելու վարքագծի վրա։

Ցտեսություն և մինչ նոր հանդիպում։ Հաջորդ անգամ մենք կխոսենք հաղորդակցության փուլերի մասին։ 

Կիսվել ընկերների հետ