content
Դասախոսություն  4.  Ստեղծագործ տնտեսություն
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
Վերջին տասնամյակում ստեղծարար արտադրության և ծառայությունների շրջանառությունը կրկնապատկվել է՝ հասնելով 624 միլիարդի: Տնտեսությանը օգուտ տալուց բացի, ստեղծարար տնտեսությունը ստեղծում է ոչ նյութական արժեքներ և ապահովում կայուն մարդակենտրոն աճ:

Լոս Անջելեսում ստեղծագործական ոգին ունի արտահայտման լայն սպեկտր` սկսած Բոյլ Հայթսում արվեստի հարթակներից մինչև Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) ռեակտիվ շարժման լաբորատորիայում ընթացող գիտական աշխատանքը:  
                                                                                                                   
Ստեղծագործ տնտեսությունը սահմանվում է որպես անհատների և բիզնեսների համակցություն, որոնք մատուցում են մշակույթի, արվեստի նորարար ապրանքներ ու ծառայություններ: Համակարգը ենթադրում է նաև տարածքի առկայություն, որտեղ ստեղծագործ անհատները կարող են ազատ ներկայացնել իրենց աշխատանքը, արժանանալ հանրության գնահատականին և փոխանակվել մտքերով: Ստեղծագործ տնտեսության հիմնական առանձնահատկությունը գաղափարն արժևորելու նպատակով մարդկային ստեղծագործ մտքի կիրառումն է: 2001 թվականին Ջոն Հոքինսն առաջ քաշեց ստեղծագործ տնտեսության գաղափարը, որպեսզի նկարագրի այն տնտեսական համակարգերը, որտեղ արժեքը պայմանավորված է ինքնատիպությամբ և ստեղծագործ մտքով, այլ ոչ թե ավանդական այնպիսի պաշարների առկայությամբ, ինչպիսիք են հողը, աշխատանքը և կապիտալը: Ի տարբերություն ստեղծագործ արդյունաբերության, որը սահմանափակված է որոշակի ոլորտներով, ստեղծագործ տնտեսությունը նկարագրում է տնտեսության ստեղծագործ բնույթն իբրև ամբողջություն: 

Իրականում, ոչ թե փողը կամ տեխնոլոգիաները, այլ հենց նոր գաղափարներն են այսօր հանդիսանում հաջողության և ամենակարևորը, ներքին գոհունակության աղբյուր: Ստեղծագործ տնտեսությունը նոր շունչ է հաղորդում արտադրությանը, ծառայություններին, առևտրի և զվարճանքի բնագավառներին: Այն կարող է փոխել այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում, սովորում, ինչպես նաև ` մտածում, գյուտեր անում և արարում:                                                       

Ստեղծագործ տնտեսությունը համաշխարհային տնտեսության արագ աճող հատվածներից է: Այն ունակ  է բերել եկամուտ, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել արտահանումը, քանի որ քիչ է պայմանավորված նյութական պաշարների առկայությամբ: Տնտեսագետ և արվեստի տեսաբան Պիեռ Լուիջի Սակոն նույնպես ընդգծում է այն հանգամանքը, որ ստեղծագործ տնտեսությունը  լավագույնն է արտացոլում ազգային առանձնահատկությունները և պահպանում ինքնությունը գլոբալացման շրջանում: Նրա համոզմամբ ստեղծագործ տնտեսությունը մասնավորապես զարգանում է Իլ դե Ֆրանսում, Ներքին  Լոնդոնում և Միլանում:

Կիսվել ընկերների հետ