content
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
Այս հոլովակում մենք կխոսենք, թե ինչպիսին պետք է լինեն արվեստի բնագավառում կազմակերպություն հիմնելու գործարար պլանի հիմնական կառուցվածքն ու բովանդակությունը: Մենք կդիտարկենք համագործակցության հիման վրա ընթացող գործընկերային հնարավորությունները:

Բիզնես ծրագիրը մի փաստաթուղթ է, որը ներկայացնում է միջազգային արվեստի նախաձեռնության ռազմավարական և գործառնական կողմերի մասին մանրամասն տեղեկատվություն: Բիզնես ծրագրերը տարբերվում են իրենց ծավալով`մի քանի էջից մինչև մի քանի գլուխ: Ծրագիրը պետք է շարադրվի այնպես, որ արտացոլի չորս հիմնական տեսակետ.

  • Ձեռնարկատիրոջ տեսակետը: Արդյո՞ք ծրագիրը գրավում է մեզ`ձեռնարկատերերիս, համապատասխանում մեր ձգտումներին, նպատակներին և կարողություններին:

  • Պատվիրատուի/լսարանի տեսակետը: Ո՞վ է լինելու տվյալ ապրանքի կամ ծառայության գնորդը, ո՞վ ժամանակ կամ գումար կտրամադրի դրանց համար:

  • Ներդրողի տեսակետը: Ինչո՞ւ արտաքին ներդրողը պետք է ցանկանա հայտնվել նոր բիզնեսում:

  • Գործընկերոջ տեսակետը: Ի՞նչ օգուտներ կարող է նոր նախաձեռնությունը բերել գործընկերներին, արտաքին շահառուներին:

Արվեստի բնագավառում նոր նախաձեռնության բիզնես ծրագիրը կարելի է բաժանել 4 հիմնական մասի, որոնք ես մանրամասն ներկայացրել եմ իմ`Արվեստի բնագավառում միջազգային ձեռնարկատիրության մասին (2016) գրքում, ինչպես նաև Արվեստի ոլորտում ռազմավարական կառավարում (2012) աշխատանքում:

  • Նախաբան, որն ընդգրկում է գործադիր ամփոփումը և արվեստի ձեռնարկատիրության կրճատ նկարագրություն, որի մեջ ներառված է կազմակերպության առաքելությունը, տեսլականը, նպատակները, ծրագրային ոլորտները, մրցակցային առավելությունը և յուրահատկությունը, առաջարկվող մշակութային ապրանքները և ծառայությունները, աշխատանքի գերակա ուղղություններն ապագայում:

  • Վերլուծական մասը ներկայացնում է մակրո և միկրո արտաքին միջավայրում կատարված հետազոտության արդյունքները, ներառյալ` բիզնեսի կամ հասարակական հնարավորության ճանաչումը: Արդյունաբերության և շուկայի վերլուծության արդյունքները բացահայտում են մրցակցության մակարդակը, շուկա մուտք գործելու խոչընդոտները, ինչպես նաև հնարավոր շուկայի մեծությունը և սեգմենտավորումը:

  • Հայեցակարգային մասն ընդգրկում է հնարավորության նկարագրություն, արվեստի ձեռնարկատիրություն հիմնելու հիմնական պատճառները և դրդապատճառը, ինչպես նաև արտաքին միտումներին, հնարավորություններին կամ կարիքներին համապատասխանող ընդհանուր գաղափարի մշակումը

  • Գործառնական մասը ընդգրկում է ստեղծարար և բիզնես գործարքների հիմնական ֆունկցիոնալ ոլորտները, ինչպիսիք են ստեղծարար գործընթացի ղեկավարումը, մարդկանց կառավարումը, մարքեթինգը, ֆինանսները և այլ ներքին գործառույթներ:

Հոլովակի երկրորդ մասը նվիրված է արվեստի բնագավառում համագործակցության ռազմավարությանը, որոնք նորարար գաղափարների և նոր բիզնես մոդելների հիմնավոր աղբյուր են: Արվեստի բնագավառում համագործակցության և գործընկերության վրա հիմնված մոդելներն ավելի արդյունավետ են:

Համագործակցություն 

21-րդ դարում արվեստի և մշակութային նախագծերի ուժը և ազդեցությունը, ինչպես նաև հաջողված գործարար մոդելները հատում են արվեստի և ստեղծարարության սահմանները և առնչվում արդյունաբերության այլ ճյուղերին ու հասարակության այլ ոլորտներին: Անցում ասելով` նկատի ունենք արվեստի բնագավառի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի միջոլորտային փորձը թե՛ արվեստի և մշակույթի ոլորտների միջև, թե՛ այնպիսի հատվածների միջև, ինչպիսիք են առևտրային կազմակերպությունները, տեխնոլոգիական ընկերությունները, քաղաքի տարածքի պլանավորումը և զարգացումը, կրթական և վերապատրաստման հաստատությունները, կայունություն ապահովող կազմակերպությունները և այլն: Մենք կդիտարկենք անցումային համագործակցության ընդհանուր գաղափարը և առավելությունները: 

  • Ստեղծարար արդյունաբերության ճյուղերի համագործակցությունը

Ստեղծարար արդյունաբերության ճյուղերի գեղեցկությունը կայանում է նրանում, որ նրանք բոլորը փոխկապակցված են և արվեստի բնագավառում գործող շատ բիզնես մոդելներ հիմնված են հենց այս փոխկապակցվածության վրա: Այսպես, օրինակ, Հարի Փոթեր գիրքը հիմք հանդիսացավ ֆիլմի, համակարգչային խաղերի, կերպարների, նորաձևության, դիզայնի և այլնի մշակման համար: Միջոլորտային համագործակցությունը առաջարկում է իմացության նոր տեսակների համակցություն, թույլ է տալիս, որ շուկայում հայտնվեն նոր ապրանքներ, ինչպես նաև դառնում է նոր ընկերության ոգեշնչման աղբյուր` դրանով իսկ ավելի լավ ծառայելով հաճախորդներին ու պատվիրատուներին: Այս կապակցությամբ կարևոր է ընդգծել, որ ստեղծարար արդյունաբերության զարգացումը հանգեցնում է տարածաշրջանի կամ քաղաքի խաչաձև տնտեսական զարգացմանը: Այսպես, օրինակ, մշակութային փառատոնը կարող է խթանել հյուրանոցների ցանցի բիզնեսի, տրանսպորտային ծառայությունների, տեղական ռեստորանների և այլնի զարգացումը: Սա երբեմն անվանում են մշակույթի և արվեստի ներթափանցման էֆեկտ: Այս գործընթացը բնութագրվում է նրանով, որ «արվեստի բնագավառում և ստեղծարար արդյունաբերություններում ծավալվող գործողությունները հետագայում մեծ ազդեցություն են թողնում վայրերի, հասարակության, տնտեսության վրա հասկացությունների, գաղափարների, հմտությունների, գիտելիքների և կապիտալի տարբեր տեսակների տարածման միջոցով»:

  • Համագործակցություն արվեստի ոլորտում գործող, գործարար և կրթական կազմակերպությունների միջև

Նման համագործակցության օրինակներն են սկսնակ ձեռներեցների համար նախատեսված ինկուբատորներն ու արագացուցիչները: Եթե ինկուբատորները զուգորդվում են շահույթ չհետապնդող կազմակերպության կամ համալսարանի հետ, և ապրանքի դրամայնացումը կարող է տարիներ տևել, արագացուցիչները կարողանում են արագ փոխակերպել գաղափարը կոմերցիոն ապրանքի: Սովորաբար արագացուցիչները փնտրում են աճի մեծ ներուժ ունեցող սկսնակ ընկերություններ, որտեղ խորհրդատուները և վերապատրաստողները կարող են խորհրդատվական ծառայություններ մատուցել, տարածք և տեղեկատվություն տրամադրել` սկսնակ ընկերության բաժնետոմսերի դիմաց:

  • Համագործակցություն արվեստի, գիտության և տեխնոլոգիայի միջև

Նման համագործակցություն դրսևորում են ստեղծարար խմբերը: Այս եզրը առնչվում է ստեղծարար արդյունաբերություններում կազմակերպությունների աշխարհագրական համակենտրոնացմանը, այսինքն, երբ ռեսուրսները կուտակում են` ընդհանուր արտադրության և ստեղծարար ապրանքների իրացման օպտիմալացման նպատակով: Ստեղծարար խմբերը նպաստում են մշակույթի և արվեստի ներդրմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետազոտությունները, գիտությունը, տեխնոլոգիան, միջավայրը, բիզնեսը և այլն: Ստեղծարար խմբերը համագործակցության կարևոր դրսևորում են, քանի որ նպաստում են նոր կապերի և դաշինքների ստեղծմանը, ինչպես նաև հետազոտում են ռեսուրսները որոշակի վայրում և համատեղում են բոլոր ներգրավված կազմակերպությունների ջանքերն ու կարողությունները, ինչպես նաև կիսում ռիսկերն ու միահամուռ կերպով հաղթահարում արգելքները:

  • Համագործակցություն արվեստի և հասարակական ոլորտների միջև

Արվեստի և ստեղծարար դրսևորման միջոցով մենք կարող ենք փոխել հասարակության ենթադրությունները` նոր գաղափարներ և տեսլականներ ոգեշնչելու, ինչպես նաև քննադատ մտածելակերպ խթանելու միջոցով: Արվեստը կարող է իրազեկել այնպիսի հարցերում, ինչպիսիք են հասարակական արդարադատությունը, էկոլոգիան, հանրային առողջապահությունը, թմրադեղերի օգտագործումը, գործազրկությունը և այլն: Արվեստը գիտակցված ջանք է հասարակական փոփոխություններ խթանելու և դրանց մասնակիցը դառնալու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արվեստի, երաժշտության թերապիան, մշակույթը և կայունությունը:

  • Համագործակցություն արվեստի և մշակույթի հատվածների և ընդհանուր քաղաքային զարգացման միջև

21-րդ դարում քաղաքային նախագծման հանդեպ ունեցած համալիր մոտեցումը դասում է արվեստի և մշակույթի ոլորտը ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես քաղաքի զարգացման ռազմավարության անքակտելի մի մաս` տնտեսական զարգացման ռազմավարության, բնապահպանության, հասարակական ծրագրերին զուգահեռ: «Ստեղծարար քաղաքի» և «ստեղծարար հանրային տարածքի կառավարման» գաղափարը ոչ միայն ընդգծում է խաչաձև հարաբերութունները արվեստի և այլ հասարակական-տնտեսական ոլորտների միջև, այլև շեշտում է արվեստի, մշակույթի, ստեղծարարության դերը մեր քաղաքների կայուն և պայծառ առօրյան ապահովելու գործում:

Նշենք «ստեղծարար քաղաքի» և «ստեղծարար հանրային տարածքի կառավարման» հասկացությունների տարբերիչ առանձնահատկությունները:

«Ստեղծարար քաղաքը ընձեռում է երևակայության միջոցով մտածելու, գործելու և ծրագրավորելու հնարավորություններ, և հանրային հատվածի պարտականությունն է ստեղծել համապատասխան պայմաններ դրա համար»։ / Չարլզ Լենդրի/: Կարևորվում է այն փաստը, որ արվեստի և մշակույթի հատվածի և ընդհանրապես ստեղծարարության զարգացումը էական է քաղաքների ապագայի համար:

Ինչպես նշում է Պրոֆեսոր Էնն Մարկուսենը, ստեղծարար հանրային տարածքի կառավարումն ուղղված է համայնքների վերականգնմանը, աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր ներդրումների խթանմանը: Այն հնարավորություն է ընձեռում հասարակ մարդկանց առօրյա կյանքում շփվել արվեստի հետ: Ստեղծարար հանրային տարածքի զարգացման ազդեցությունն ակնհայտ է այն դեպքերում, երբ ստեղծվում են արվեստին նվիրված շրջաններ, համայնքները առնչվում են հանրային արվեստին, կազմակերպվում են ֆիլմերի փառատոներ, ստեղծվում ն դիզայնի կենտրոններ և այլն:

Տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նման համագործակցության տարաբնույթ դրսևորումների և նմուշների ուսումնասիրությունը ուժեղ ազդակ է նորարար գաղափարների ստեղծման, ինչպես նաև համատեղ գործարար ծրագրի զարգացման համար, որտեղ գործընկերները կնպաստեն ֆինանսավորման, տեսանելիության աճին, ինչպես նաև կխթանեն ստեղծարար արտադրանք և ծառայությունների սպառումը գնորդների և պատվիրատուների կողմից:

Կիսվել ընկերների հետ