content
Դասախոսություն 3. 10 քայլ լսարանի հետ սոցիալական մեդիայում կապ հաստատելու համար

Քայլ 1. Ռազմավարություն ունեցե՛ք և հետևե՛ք դրան։

Թվային հաղորդակցման այս ռազմավարությունը ձեզ տրամադրում է այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ՝ կապ հաստատելու ձեր լսարանի և համապատասխան թիրախների հետ, օրինակ՝  Facebook-ում, Instagram-ում, Youtube-ում, Linkedin-ում, Twitter-ում  և այլն։

Հարկ է նաև մտածել ձեր ռեսուրսների մասին՝ թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական։ Սոցիալական մեդիայի հարթակում աշխատելը կարող է մի ամբողջ հաստիքով նախատեսված ծանրաբեռնվածություն ենթադրել։ Խոշոր կազմակերպություններում թվային հաղորդակցությունների բաժիններն ունեն մի քանի տասնյակ աշխատակիցներ։ Եթե չունեք բավականաչափ մարդկային ռեսուրսներ կամ ֆինանսավորում, ապա կարող եք մտածել այլ ստեղծարար միջոցների մասին՝ ձեր թվային հաղորդակցության միջոցները կառավարելու համար (օրինակ՝ ներգրավել ստաժորներ, որոնք կարող են աշխատել՝ հետևելով որոշակի ձևաչափերի)։    

Քայլ 2. Պլան կազմե՛ք։

Հաջորդ քայլը շաբաթական պլանների կազմումն է։ Այս տեսանյութից հետո դուք կարող եք գտնել շաբաթական պլանի օրինակ։ Ամեն օր դուք կարող եք 3-4 անգամ նյութ հրապարակել, որոնք առաջ կմղեն ձեր հիմնական ուղերձները։ Ընդհանուր կանոնն այն է, որ հրապարակումներից յուրաքանչյուրը պետք է լինի համառոտ և պարունակի նկար/տեսանյութ։ Դուք պետք է նախ որոշեք՝ արդյոք կարո՞ղ եք օգտագործել գոյություն ունեցող բովանդակությունը, ստեղծել բովանդակություն արդեն իսկ գոյություն ունեցողի հիման վրա կամ արտադրել նոր բովանդակություն, և ինչպե՞ս պետք է դա առաջ տանեք։ Բացի այդ, հարկ է հասկանալ, թե որտեղից կարելի է նկարներ ձեռք բերել։  

Քայլ 3. Կիրառե՛ք 75/25 կանոնը։

Ձեր կազմակերպության մասին յուրաքանչյուր ուղերձի համար (նորություն, գործողության կոչ), տարածե՛ք 3 ուղերձ ձեր լսարանին հետաքրքրող ինչ-որ բանի մասին (զվարճալի կամ գործնական տեղեկություն)։ Ահա հրապարակումների ամենասիրված տեսակների մի քանի օրինակ՝ ցանկեր (Հինգ ամենասիրված․․․), խորհուրդներ (Ինչպես․․․), համեմատություններ, ինտրիգներ, սխալներ, ամենը, ինչ պարտադիր է իմանալ ․․․ , ռեկորդային թվեր, հասարակության համար կարևոր ամսաթվեր, հայտնի դեմքեր, նորություններ, կրթություն։

Քայլ 4. Ապահովե՛ք բովանդակության վերաբերալիությունը։  

Մի՛ փորձեք ամեն ինչ հասցեագրել բոլորին։ Ձեր ունեցած բովանդակությունը հարմարեցրեք յուրաքանչյուր թիրախային լսարանի։ Ձեր կազմակերպության ձեռքբերումների մասին տեղեկատվությունը հետաքրքիր կլինի ձեր գործընկերներին, իսկ երեխաների համար նոր ծրագիրը՝ երեխաներ ունեցող ընտանիքներին։

Քայլ 5. Շփվե՛ք ձեր համայնքի հետ։

Պատասխանեք մեկնաբանությունների, հարցեր տվեք, հասարակական կարծիքի հարցում անցկացրեք և մրցույթներ կազմակերպեք։ Հիմնական սկզբունքը շփման մեջ լինելն է։ Ոչ թե պարզապես տեղեկատվություն տարածեք, այլ ներգրավե՛ք ձեզ հետևողներին երկխոսության մեջ։ Տեղեկատվությունը տարածվում է, իսկ հաղորդակցությունն ազդեցություն է թողնում։ Հասկացե՛ք ձեր լսարանի կարիքները և կենտրոնացե՛ք նրանց կյանքը հեշտացնող ծառայություններ տրամադրելու վրա։ Արձագանքե՛ք նրանց ցանկություններին և մեկնաբանություններին։ Միևնույն ժամանակ մշակեք բացասական մեկնաբանություններին արձագանքելու ընթացակարգ։ Եթե խոսակցությունը չափազանց թեժ կամ զգացմունքային է, մարտավարություններից մեկն այն ոչ թվային իրականություն տեղափոխելն է։

Քայլ 6. «Այսօրվա» կանոնը

Մարդիկ սիրում են ավանդույթներ։ Ձեր լսարանին ստիպեք սպասել ձեր հրապարակումներին։ Օրինակ՝ երկուշաբթի օրը կարող եք հրապարակել աշխատատեղերի մասին տեղեկություններ, ուրբաթ օրը՝ ուշագրավ նկարներ։

Քայլ 7. Ձեր թեմաները հանրահռչակե՛ք նաև հատուկ օրերին։

Ներառեք նաև տոները կամ հատուկ օրերը և կապեք դրանց խորհուրդը ձեր թեմայի հետ (օրինակ՝ Թանգարանների համաշխարհային օրը)։ 

Քայլ 8. Առցանց մեդիայում ներկայացրե՛ք ձեր գործընկերներին, հասարակական կարծիք ձևավորողներին և  աշխատակիցներին։

Լսարանն ընդլայնելու համար ձեզ անհրաժեշտ է այլ բլոգերների կամ կազմակերպությունների աջակցությունը։ Կազմե՛ք հավանական գործընկերների և հասարակական կարծիք ձևավորողների ցուցակը և մտածե՛ք, թե ինչպես կարող եք միմյանց օգտակար լինել։

Իրական մարդկանց պատմածը շատ ավելի վստահելի է, և դրան ավելի են հետևում, քան ապրանքանիշների շուրջ կառուցված պատմություններին, որովհետև մարդիկ նախընտրում են հաղորդակցվել այլ մարդկանց հետ, հետևաբար խրախուսեք ձեր աշխատակիցների՝ ձեր կազմակերպությունը հանրահռչակելու գործողությունները։

Քայլ 9. Համադրե՛ք առցանց և իրական գործողությունները

Առցանց գործիքները ձեր հաղորդակցական ջանքերի մի մասն են միայն։ Անձնական շփումները կամ հանրային միջոցառումները կարող են օգնել ձեզ ավելի սերտ կապ հաստատել ձեր լսարանի հետ և ընդլայնել այն։ Ցանց կամ ակումբ հիմնեք, որտեղ դուք կարող եք հանդիպել ձեր ֆեյսբուքյան կամ այլ սոցիալական հարթակների երկրպագուներին։  Փորձե՛ք կազմակերպել լրացուցիչ օգտակար ուսուցում կամ գործողություն՝ բացառիկ օգտակար ծառայություն մատուցելու համար։

Քայլ 10. Օգտագործե՛ք մարդկանց իրական պատմությունները։  

Մարդկանց հետաքրքրում է այլոց կյանքը։ Նրանց պատմություններ պատմե՛ք, ոչ թե հաղորդեք իրադարձությունների մասին տեղեկություններ։ Խուսափե՛ք տեխնիկական տերմիններից կամ հապավումներից։

Կիսվել ընկերների հետ