content
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
Ողջույ՛ն: Իմ անունը Վոլոդիմիր Վորոբեյ է: Ես PPV Knowledge Networks-ի տնտեսական զարգացման գործակալության տնօրենն եմ (այն արեվմտաուկրաինական գործակալություն է՝ Լվովում) եվ ուրախ եմ ողջունել ձեզ այս դասընթացին, որը նվիրված է ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծմանը:

Մշակութային կազմակերպություններն ու ստեղծարար ձեռնարկությունները շատ հաճախ չեն դիտարկում իրենց շուկայական տեսանկյունից: Ի՞նչ նկատի ունենք «շուկայական տեսանկյունից» ասելով: Երբ ինչ-որ մեկը հարց է տալիս. «Ո՞ր շուկաներում եք աշխատում», որոշ կազմակերպություններ կարող են մտածել. «Օ՜հ, բայց դա մեզ չի վերաբերում, մենք կարևոր մշակութային արտադրանքներ ենք տալիս, շուկայի հետ գործ չունենք»:

Իրականում այդպես չէ: Բոլոր մշակութային կազմակերպություններն ու ստեղծարար ձեռնարկությունները գործում են որոշակի շուկաներում: Եվ այսպես, իսկ ի՞նչ է շուկան: Շուկան մի համակարգ է, որում կողմերը փոխանակում են իրականացնում: Իսկ ո՞րոնք են կողմերը: Վաճառողներն ու գնորդները: Եվ ի՞նչ է համակարգը: Համակարգը ենթակառուցվածք է, փոխհարաբերություններ. բացի այդ, համակարգերը ստեղծվում են կառավարությունների կողմից, որպեսզի շուկաները գործեն: Իսկ ովքե՞ր են գնորդներն ու վաճառողները: Նրանք մշակութային արտադրանքի սպառողներն են, իսկ վաճառողները հենց մշակութային կազմակերպություններն ու ստեղծարար ձեռնարկություններն են, ինչպիսին, հավանաբար, դուք եք:  

Ստեղծարար ձեռնարկությունների մասին էլ կարելի է մտածել հենց շուկայական տեսանկյունից: Ճարտարապետական նախագծման գրասենյակները ծառայություններ են մատուցում, որոնք վճարովի են, և իսկապես կա ճարտարապետական նախագծման գրասենյակների կողմից տրամադրվող ծառայությունների շուկա: Իսկ թատրոննե՞րը: Թատրոնների շուկա էլ կա: Դրանք կարող են լինել մասնավոր ընկերություններ կամ կառավարության կողմից ֆինանսավորվող ընկերություններ. դա նաև կատարողական արվեստի շուկան է: Այսպիսով, պատրաստ եղեք պատասխանել այն հարցին, թե որ շուկաներում եք աշխատում:

Շուկաները կարելի է տարբեր ձևերով դիտարկել: Եվ այսպես, ի՞նչ տեսակի են լինում շուկաները:  

Առաջին տեսակը աշխարհագրական շուկաներն են: Իրականում դրանց սահմանումը շատ հեշտ է: Մենք գործում ենք կամ տեղական մակարդակում, օրինակ՝ տեղական թատերական ընկերություն կամ որպես ազգային ընկերություն, որովհետև մենք մեծ ազդեցություն ունենք երկրի վրա՝ ազգային մակարդակում, և մենք հանդիսատես ենք փնտրում ամբողջ երկրում: Կամ էլ կարող ենք խոսել եվրոպական մակարդակի մասին. այս դեպքում, մենք մեծ, շատ մեծ ընկերություն ենք: Եվ օրինակ՝ շատ ստեղծարար ձեռնարկություններ, որոնք պարզապես փոքր ընկերություններ են, փոքր ու միջին ձեռնարկություններ, ՓՄՁ-ներ կամ միկրոձեռնարկություններ (միկրոձեռնարկությունները տասից պակաս աշխատողներ ունեցող ձեռնարկություններն են) կարող են աշխատել եվրոպական շուկայում: Այսպիսով, մի կողմ թողե՛ք համեստությունը, մտածե՛ք ձեր աշխարհագրական շուկայի մասին:

Դիտարկման երկրորդ եղանակը արտադրանքի կամ ծառայության շուկայի մոտեցումն է: Այն նաև կոչվում է «ուղղահայաց առանցք». ո՞րն է ձեր ուղղահայաց առանցքը։ Արտադրանքի շուկայի մեջ է մտնում, օրինակ, նորաձևությունը, աքսեսուարները, նորաձևությանը վերաբերող իրերը: Արտադրանքի և ծառայությունների մեջ են մտնում, օրինակ՝ PR գործակալությունների ծառայությունները, որոնք հրատարակչական ոլորտի հետ գործ ունեն: Այսպիսով՝ ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են մասնագիտացված ուղղահայաց առանցքների շուրջ: Եվ նրանք կարող են լինել նաև մշակութային կազմակերպություններ, մշակութային գործունեությամբ զբաղվողներ:

Եվ ահա երրորդը սեկտորի կամ արդյունաբերության, այսպես կոչված՝ «հորիզոնականների» մակարդակն է՝ հորիզոնական մակարդակը: Այստեղ խոսքը գնում է որպես շուկայի՝ ավելի հայտնի այլ սահմանումների մասին. այն գրականությունն է, կինոյի շուկան, նորաձևությունը, դիզայնը, կատարողական արվեստը կամ դիտարվեստը:  Սրանք են հորիզոնական շուկաները, արդյունաբերությունները:

Այսպիսով, երբ ձեզ հարցնում են, թե որ շուկայում եք աշխատում, պետք չէ վախենալ այդ հարցից, պարզապես պետք է պատասխանել: Օրինակ՝ կարող եք ասել, որ աշխատում եք Արևմտյան Ուկրաինայի փառատոնների շուկայում կամ տան դեկորի եվրոպական շուկայում կամ էլ ուկրաինական գրականության շուկայում (եթե հրատարակչական ընկերություն եք ուկրաինական գրքի շուկայում):

Մտածե՛ք այն մասին, թե որ շուկային է պատկանում ձեր կազմակերպությունը, իսկ հետո հաջորդ հարցն է ծագում. «Ինչպե՞ս են կազմակերպված շուկաները»: Հետո էլ գալիս է արժեշղթային վերաբերող հետաքրքիր հարցը: Շուկաներում կազմակերպությունները դասավորված են արժեշղթայի երկայնքով: Իսկ ի՞նչ է արժեշղթան: Դա այն շղթան է, որտեղ տարբեր կազմակերպությունները արժեք են ավելացնում, որպեսզի հաճախորդը ձեռք բերի վերջնական արտադրանքը: Այսպիսով, ըստ էության, սկզբում ունենք ներդրում: Մշակութային և ստեղծարար արդյունաբերության դեպքում սկսում ենք մի որևէ ստեղծարար մտքից: Հետո ավելացվում է արժեքը, և գաղափարը վերածվում է վերջնական արտադրանքի: Եվ դա էլ հենց արդյունքն է:

Ստեղծարար և մշակութային ոլորտում կարող ենք խոսել մշակութային արտադրանքի մասին: Այսպիսով, մենք սկսում ենք ստեղծարար գաղափարից, որը ներդրումն է և որպես արդյունք ունենում ենք մշակութային արտադրանք: Դա այն է, ինչի համար վերջում հաճախորդները վճարում են: Այն է, ինչ մենք սպառում ենք: Եվ պետք չէ վախենալ «սպառել մշակութային արտադրանքները» կամ  «սպառողական մշակույթ» հասկացություններից: Դա հրաշալի է: Մենք իրականում պետք է սպառենք ավելի շատ մշակութային արտադրանքներ, իսկ դա նշանակում է, որ շուկայում պետք է լինեն ավելի շատ զանազան, հետաքրքիր ու բազմազան մշակութային արտադրանքներ ու ծառայություններ:

Եվ հետո, ավելի հեշտ է դիտարկել արժեշղթան գործնական տեսանկյունից: Օրինակ՝ թատերական ընկերության դեպքում: Այսպիսով, մենք ունենք հրաշալի մի պիեսի հեղինակ, այսինքն՝ կա ստեղծարար ներդրումը: Բայց դա պարզապես մի բնագիր տեքստ է: Եվ ահա անհրաժեշտ է թատերական ընկերության նման մեկը, որը կմեկնաբանի այդ տեքստը և հանդես կգա ներկայացմամբ: Բայց ներկայացում բեմադրելու համար, ասենք, այստեղ ինչ-որ պահի, անհրաժեշտ են դիզայներներ, լուսավորության մասնագետ, այն բոլոր մարդկանց կազմը, որոնց շնորհիվ ներկայացումը կկայանա: Իսկ վա՞յրը: Վայր էլ է անհրաժեշտ, և գուցե այն տրամադրողը մեկ այլ կազմակերպություն է, գուցե թատերական ընկերությունը վարձում է այդ վայրը:

Այսպես, մենք սկսում ենք բնագրից, այնուհետև՝ ավելացնում արժեշղթայի բոլոր այս օղակները: Եվ ունենում ենք վերջնական արտադրանքը, և դուք կարող եք մտածել. «Լավ, սա հենց այն է, ինչ սպառողները սպառում են»: Ոչ, որովհետև թատրոն գնալու համար մենք պետք է տոմսեր գնենք, և այստեղ կարող ենք օգտվել տոմսերի գնման առցանց ծառայությունից, որի միջոցով կարող ենք ներկայացման համար տոմսեր գնել:  Դա նշանակում է, որ ծառայությունը նույնպես արժեք է ավելացնում, որովհետև մենք այդ եղանակով ենք ցանկանում տոմս գնել ներկայացումը դիտելու համար: Այստեղ ունենք արվեստագիտական ներդրում, իսկ վերջում՝ մշակութային արտադրանք, և պարզ է դառնում, թե քանի կազմակերպություն է ներգրավված արժեշղթայում, իսկ երբ վճարում եք տոմսի արժեքը, ամենակարևորը  այն է, որ բոլոր այս մասնակիցները պետք է ստանան իրենց մասնաբաժինը, որովհետև նրանք բոլորը արժեք են ավելացնում սպառողին: Սա, էլ հենց արժեշղթայի էությունն է: 

Կիսվել ընկերների հետ